Հայաստանի կառավարությունը կթույլատրի Արտաքին գործերի նախարարությանն առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձեռք բերել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» գրքի 190 օրինակ անգլերեն և «Հայոց ցեղասպանության դատապարտումը օտարազգի դիվանագետների կողմից» գրքի 1000 օրինակ անգլերեն տպագրական աշխատանքներ:

 

Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն՝ գնման ընթացակարգի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքներն անհրաժեշտ է ձեռք բերել և բաշխել արտերկրում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին մինչև 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը:

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակներում օգտագործելու համար արտերկրում նախատեսվում են մի շարք միջոցառումների իրականացում: Այդ միջոցառումների հիմնական նպատակներից մեկը նստավայր երկրներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության մեծացումն է, որի համար կարևոր նշանակություն ունի աղբյուրագիտական հիմքի վրա գրված աշխատանքների տարածումը: Վերոնշյալ աշխատանքները, որոնք նախատեսվում է ձեռքբերել, հիմնվում են արժեքավոր աղբյուրների վրա: Մասնավորապես «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» գիրքը ամբողջացնում է ցեղասպանության վերապրածների' ցեղասպանությունից կարճ ժամանակ անց տված վկայությունները:

 

Իսկ «Հայոց ցեղասպանության դատապարտումը օտարազգի դիվանագետների կողմից» գիրքը պետք է ներառի շուրջ 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններում, զեկույցներում, հուշագրություններում տեղ գտած դատապարտող հայտարարությունները»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: