Ստամբուլի հայկական «Ակոս» ապրբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը դիմել է երկրի Սահմանադրական դատարան' մեղադրանք ներկայացնելով Ստամբուլի նահանգապետարանի դեմ, որը հրաժարավել էր թույլտվություն տրամադրել մի շարք հանրային պաշտոնյաների հարցաքննելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com կայքը:

 

Դինքի կնոջ' Ռաքել Դինքի, երեխաներ Արաթի, Սերայի և Դելալի, ինչպես նաև եղբոր' Խոսրով Դինքի փաստաբանների ներկայացրած դիմումի մեջ նշվում է, որ հանրային անձանց հարցաքննելու թույլտվություն չտրամադրվելու պատճառով խախտվել են Մայր օրնեքի 36-րդ հոդվածը' արդար դատավարության իրավունքի վերաբերյալ, 10-րդ հոդվածը' օրենքի առաջ բոլորի հավասարության վերաբերյալ, ինչպես նաև Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 14-րդ հոդվածը: Դիմումի մեջ նշվում է, որ տվյալ անձինք լուրջ ներգրավվածություն են ունեցել Դինքի սպանության գործում: Փաստաբանները հերթական անգամ ընդգծել են, որ համապատասխան միջոցառումներ չեն իրականացվել սպանությունը կանխելու, իսկ դրա իրագործումից հետո էլ արդար հետաքննություն իրականացնելու համար:

 

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին' «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել էր, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012թ. հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: