Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանն առաջարկում է ընդունել որպես պատասխանատվության մեկամսյակ եւ հաճելի խոսքերին զուգահեռ տեր կանգնել նաեւ իրավունքներին: Ալավերդյանը հավաստիացնում է, որ իրեն կայացած կին չի համարում եւ ամենօրյա աշխատանքով ձգտում է կայացմա ն եւ կատարելության: Նախկին պատգամավորը խոստովանում է, որ իրեն շատերն են հարցրել, թե ինչպես է կարողանում ամեն ինչ հասցնել եւ չհոգնել ամենօրյա աշխատանքային ռիթմից: Ալավերդյանը հավելեց, որ ինքն է ընտրել իր կենսակերպը եւ այն ոչ թե բեռ կամ ծանրություն է ընկալում այլ աշխատանք, որ կատարում է ոգեւորությամբ:

 

«Ինտենսիվ աշխատում եմ եւ հասցնում ամեն ինչ: Միաժամանկ եւʹ խոհանոցում գործ եմ անում, եւʹ համակարգչով աշխատում: Եվ չեմ դժգոհում, քանի որ դա իմ կյանքն է, իմ ընտրությունը»,- ասաց Ալավերդյանը' հավելելով, որ իր տան ճաշը միշտ ինքն է պատրաստել:

 

Ալավերդյանը վստահ է, որ եթե կանանց մոտ աշխատելու եւ օգտակար լինելու ցանկություն լինի, մնացյալ խոչընդոտները կհաղթահարվեն եւ կանայք կհասնեն բարձունքների:

 

Թեպետ այսօր կանանց ինքնաիրացման մակարդակը շատ ցածր է, սակայն Ալավերդյանը խորհուրդ է տալիս խնդիրն ուսումնասիրել 100 տարվա կտրվածքով' համոզվելու համար, որ կանայք շատ մեծ բարձունքների են հասել: Ալավերդյանի խոսքերով, ցավոք, քաղաքականության մեջ իրավիճակն այլ է եւ հաճախ խելացի ու բանիմաց կանանց ռեսուրսը չի գնահատվում եւ օգտագործվում: Նրա խոսքերով, եթե չլինեին Եվրոպայի ճնշումները, այսօր Հայաստանի Ազգային ժողովում կանայք չէին լինի:

 

«Սակայն, քանի որ քվոտաների հետ կապված այդ պարտադրանքը կա' հաճախ խելացի, բանիմաց եւ նպատակասլաց կանանց փոխարեն տեսնում ենք, որ հարթակ են բարձրանում ինտելեկտով չփայլող կանայք, ովքեր սեփական կարծիք եւ ձայն չունեն եւ անում են այն, ինչ իրենց թելադրում են»,- ասաց Ալավերդյանը' հավելելով, որ կանայք չպետք է վհատվեն եւ շարունակեն ինքնակրթվել, զարգանալ, քանի որ հաջողության հասնելու ամենաճիշտ եւ առաքինի ճանապարհը դա է: