Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կողմից ապօրինի հողհատկացման հետ կապված հարուցվել է քրեական գործ: Այս մասին Լուրեր.com-ին հայտնի դարձավ Գորիսի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրներից:
Պարզվում է' Նելսոն Ոսկանյանն անօրինական ճանապարհով հողատարածքներ է տրամադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին և վերջինիս մերձավորներին:
Այն, որ քրեական գործը հարուցվել է, հաստատ է, միայն թե ոչ թե կոնկրետ քաղաքապետի, այլ Գորիսի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:
ՀՀ Գլխավոր դատախազությունից Լուրեր.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ներկայումս քննվում է 2 քրեական գործ' ոչ թե Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանի դեմ, այլ Գորիսի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու փաստերի վերաբերյալ:
Երկու գործն էլ կապված է տարածքներ տրամադրելու հետ:
Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչ Աննա Դավթյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ քրեական գործ չի հարուցվել, և ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում:
«Ապօրինի չի եղել, և ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, քրեական գործ չի հարուցվել, պարզապես քննվում է ոստիկանության կողմից»:
Հարցին, թե օրինական գործարքի պարագայում, ո՞րն է պատճառը, որ այն քննվում է ոստիկանության կողմից, Դավթյանն ասաց. «Ինտերնետային կայքերում գրվել է, դրա մասին քննիչները փորձել են պարզել' իրականությանը համապատասխանում է, թե ոչ»:
Աննա Դավթյանը նաև նշեց, որ հողատարածքներ տրամադրվել են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների:
Գլխավոր դատախազության կողմից նշված երկու քրեական գործերից առաջինը հարուցվել է 2013թ. դեկտեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով' «Ասեկոսե.am» համացանցային լրատվական էլեկտրոնային կայքի' 18.11.2013թ. «Ինչ արել եմ, կարգով եմ արել, ինչ չեմ արել' օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ» վերտառությամբ հրապարակման և Գորիսի քաղաքապետարանի կողմից անհատույց կամ շուկայականից ակնհայտ ցածր գներով մի շարք տարածքներ օտարելու, ինչպես նաև անհիմն կերպով գույքահարկի գումարները զիջելու վերաբերյալ Սյունիքի մարզի դատախազությունում ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով:
Երկրորդ քրեական գործը հարուցվել է 2014թ. հունվարի 18-ին, Գորիսի քննչական բաժանմունքում' ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի և 214 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով' «Առավոտ.ամ» ինտերնետային կայքում' «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է» հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով:
Հարուցված քրեական գործերով ընթանում է նախաքննություն, և այս պահին նախաքննական մարմինը վերոնշյալ գործերով որևէ մեկի դեռևս մեղադրանք չի առաջադրել' որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա:
Ազատուհի Արասխանյան