Ղրիմի իշխանությունները պատրաստ են համագործակցել միջազգային դիտորդների, բայց ոչ սադրիչների հետ: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը:

 

«Մենք պատրաստ ենք գործակցել միջազգային դիտորդների, բայց միայն իսկական դիտորդների հետ, որոնք այստեղ են գալիս ոչ թե սադրանքներ սարքելու, այլ հանրաքվեի արդարությանը հետևելու համար: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի առաքելությանը, ապա մենք պատրաստ ենք նրան ընդունել, եթե նա համապատասխան մանդատ և հավաստի փաստաթղթեր ունենա»,-ասել է փոխվարչապետը:

 

Փոխվարչապետի խոսքով՝ մարդկանց այն խումբը, որը ԵԱՀԿ-ի առաքելության անվան ներքո փորձում էր մտնել Ղրիմ, բաղկացած էր առավելապես ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներից:

 

«Նրա կազմում բացառապես ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խորհրդականներ էին: Մեզ այստեղ հարկավոր չեն ռազմական խորհրդականներ, բայց մենք պատրաստ ենք ընդունել միջազգային դիտորդների, ովքեր ազնվորեն կկատարեն իրենց աշխատանքը»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդներին մարտի 8-ին կրկին թույլ չէին տվել մտնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք: «Դիտորդները վերադարձել են Խերսոն, որպեսզի ծրագրեն իրենց հետագա քայլերը»,-մարտի 8-ին հաղորդվել է ԵԱՀԿ-ի Twitter-յան միկրոբլոգում: