Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, մարտի 10-ին' վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները պլանով նախատեսված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր: Ուսումնական տագնապի նպատակն էր ստուգել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական պատրաստականությունը, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում անձնակազմի մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:
Ողջունելով անձնակազմին' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների դերը և ընդգծել, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևորագույն բաղադրիչներից է: Ըստ այդմ, հարկավոր է մշտապես բարձր պահել անձնակազմի զգոնությունն ու պատրաստականությունը' անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և պահանջվող որակով կատարելու համար: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդ իրների կատարմանը և այդ խնդիրների կատարման ընթացքում ունակ լինի դրսևորելու համակարգված մոտեցում և մասնագիտական բարձր պատրաստվածություն: Այս առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Մարտի 10-ին ուսումնական տագնապ է տրվել նաև զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: