Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը երևանյան այցի ընթացքում փոխանցել է այդ երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Կոսովոյի անկախության ճանաչման հարցում: Սերբիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: Մարտի 10-ին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մրկիչն ասաց, որ Սերբիան լիովին կողմ է մադրիդյան սկզբունքներին: Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ հանդիպման ժամանակ կողմերը նույնակարծիք են եղել և հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված դրույթների ու սկզբունքների հիման վրա:

 

Հանդիպմանը Իվան Մրկիչը շեշտեց, որ Սերբիան Հայաստանին շնորհակալ է Կոսովոյի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: Նախարարի գնահատմամբ' ներկայումս Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններ են տարվում, որոնց նպատակն է կյանքի նորմալ պայմաններ ստեղծել բոլոր քաղաքացիների համար: «Միաժամանակ, Սերբիան մտադիր չէ ճանաչել Կոսովոն: Բանակցություններում պետք է հաշվի առնվեն այլ պարամետրեր: Սակայն, ունենալով այս դիրքորոշումը, Սերբիան բանակցություններ է իրականացնում, որոնց նպատակն է կայունություն հաստատել տարածաշրջանում, ընդունել ոչ ալբանացի քաղաքացիների կյանքի հավասար բարգավաճման համար պայմաններ ստեղծող օրենքներ»,-ասաց նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանն էլ հավելեց, որ Հայաստանը դրական գործոն է համարում բանակցությունների անցկացումը:

 

Սերբ նախարարը Հայաստանում է պաշտոնական այցով: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախարարը կայցելի նաև Ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր: Մարտի 11-ին Երևանում կկայանա հայ-սերբական գործարար համաժողով: