Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն աշխատանքային այցով ժամանել Է Վաշինգտոն, հաղորդում Է «Ուկրինֆորմ»-ը:

 

Ինչպես նախատեսված Է Միացյալ Նահանգներում Ուկրաինայի կառավարության ղեկավարի այցի ծրագրով, մարտի 12-ին նա հանդիպում կունենա նախագահ Բարաք Օբամայի հետ: Նույն օրը Յացենյուկը հանդիպումներ կանցկացնի Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ղեկավարության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

 

Մարտի 13-ին Ուկրաինայի վարչապետը կմասնակցի Վաշինգտոնում Շեւչենկոյի հուշարձանին ծաղիկներ դնելու արարողությանը: Դրանից հետո նա կմեկնի Նյու Յորք, որտեղ կայցելի ՄԱԿ եւ, ինչպես սպասվում Է, կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված բաց նիստին: Նյու Յորքում Յացենյուկի գտնվելու ծրագիրը նաեւ հանդիպում Է նախատեսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:

 

Նախօրյակին Սպիտակ տունը հայտարարություն Է տարածել Ուկրաինայի վարչապետի ԱՄՆ այցի վերաբերյալ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում Է, որ այդ այցը «կցուցադրի Միացյալ Նահանգների հաստատուն աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին, որը ոգեշնչող արիություն ու դիմացկունություն դրսեւորեց ճգնաժամի ընթացքում»:

 

Դրա հետ մեկտեղ հայտարարության մեջ ընդգծվում Է, որ կողմերը կփնտրեն Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ռազմական ներկայության հետ կապված իրադրության խաղաղ լուծման ուղիներ՝ «պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: