Սևանա լիճ թափվող երկու տասնյակից ավելի գետերն ու գետակները դեռևս չեն հասել իրենց ելքերի բարձր կամ առավելագույն նիշերին և մարտի առաջին 10 օրում ընթացել են իրենց հոսքերի ամսական միջինի սահմաններում: Մարտ ամսի առաջին տասնօրյակում չնայած մարզում գրանցվել է դրական ջերմաստիճան, սակայն բարձրադիր գոտիներում չի սկսվել այնպիսի ձնհալ, որը վարարման հասցներ Սևան թափվող գետերը:

 

Սևանը սնող ամենաջրառատ գետերը' Արգիճին, Գավառագետը և Մասրիկը, շարունակում են հոսել իրենց ելքերի ամսական միջինի սահմաններում: Այսպես, Արգիճիի ելքի առավելագույն նիշը կազմում է 8,89 խմ/վրկ, ամսական միջինը' 2,80 խմ/վրկ, իսկ այսօրվա հոսքի նիշը' 2,78 խմ/վրկ: Գավառագետի ելքի առավելագույն նիշը կազմում է 4,62 խմ/վրկ, ամսական միջինը' 3,32, այսօրվա հոսքի նիշը' 3,68 խմ/վրկ: Մասրիկ գետի ելքի առավելագույն նիշը կազմում է 4,90, ամսական միջինը' 2,95, այսօրվա նիշը' 2,47 խմ/վրկ:

 

Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ առայժմ այս տարվա ընթացքում ջուր չի տեղափոխվել: 2014 թվակ անի մարտի 12-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 21 սանտիմետր բարձրության վրա, որը 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: