Եվրոպայի դեմոկրատական կուսակցությունը (ԵԴԿ) Ստրասբուրգում կայացած խորհրդաժողովում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի իր թեկնածու է ընտրել Բելգիայի նախկին վարչապետ եւ Եվրախորհրդարանի «Լիբերալների եւ դեմոկրատների միություն հանուն Եվրոպայի» խմբակցության ներկայիս ղեկավար Գի Վերհովստադտին, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալութունը:
«Նրա հետ միասին ԵԴԿ-ն հույս ունի անցկացնել հիրավի եվրոպական ընտրարշավ՝ ուղղված քաղաքացիների շահերի պաշտպանությանն այն ժամանակ, երբ Եվրամիությունը ամենալուրջ տնտեսական եւ բարոյական ճգնաժամն է ապրում իր պատմության մեջ»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:
Կուսակցության համանախագահ Ֆրանչեսկո Ռուտելիի խոսքով՝ «Գի Վերհովստադտը այն թեկնածուն է, որն ունի ամուր եվրոպամետ դիրքորոշում եւ միաժամանակ կոչ է անում համարձակ բարեփոխումներ իրականացնել»:
Ավելի վաղ Եվրոպայի սոցիալիստներն իրենց թեկնածու են ընտրել Եվրախորհրդարանի գործող նախագահ Մարտին Շուլցին, իսկ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը Ժոզե Մանուել Բառոզուին փոխարինելու թեկնածու է դարձել աջ կենտրոնամետ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից:
Կանխատեսումների համաձայն՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գլխավոր պայքարը կծավալվի Շուլցի եւ Յունկերի միջեւ: