Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին գոհացրել են կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումները Մոսկվայում:

 

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը: «Մոսկվայում ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկումներն արժեքավոր էին: ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կաշխատեն միասին խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին աջակցելու համար»,- գրել է նա:

 

Ավելի վաղ ԱՄՆ համանախագահը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ: «Ղարաբաղում խաղաղություն հաստատելուն ուղղված Կազիմիրովի ջանքերը երկար կհիշվեն»,-գրել է Ջեյմս Ուորլիքը:

 

Մոսկվայում մարտի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

 

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։