Իրանի իսլամական հանրապետության երկու քաղաքացիներ փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Իրան տեղափոխել 535 668 ԱՄՆ դոլլար և 25 000 եվրո: Մաքսանենգներին, սակայն, Մեղրիի անցակետում բացահայտել են և հանձնել իրավապահներին:

 

Առաջադրված մեղադրանքում ԻԻՀ քաղաքացի Մեհդի Ալիասղարի Սոհրաբին իրեն մեղավոր չի ճանաչել և իրավապահներին պատմել է, թե սովորում է Երևանի ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրայում եւ 2007 թվականից բնակվում է Երևանում:

 

Մեհդի Ալիասղարի Սոհրաբին ասել է նաև, թե այդ գումարով մտադիր է եղել բազմաբնակարան շենք կառուցելու համար Նոր-Նորք թաղամասում հողատարածք գնել: Սակայն բանկից գումարը ստանալուց հետո Իրանում բնակվող կնոջը գումար և այլ իրեր ուղարկելու նպատակով ստիպված է եղել գնալ Մեղրիի մաքսակետ:

 

Եվ ապահովության համար որոշել է գումարը տանը չթողնել, այլ՝ վերցնել հետը: Իսկ որպեսզի մենակ չլինի, ընկերոջը' Սեյեդմոհամմադթաղի Ռադմանեշին խնդրել է ուղեկցել իրեն:

 

Ապա երկուսով գումարը կիսել ու հատուկ կտորից կարված գոտիներով փաթաթել են իրենց գոտկատեղերին:

 

Բացի այդ, ևս 7.900 ԱՄՆ դոլար Մեհդի Ալիասղարի Սոհրաբին իր հետ է վերցրել՝ ձեռքի պայուսակի մեջ դրված՝ իբր, կնոջն ուղարկելու նպատակով:

 

Նրանք իրենց ցուցմունքներում պնդել են, թե Մեղրիում հանդիպել են ԻԻՀ այլ քաղաքացիների և խնդրել ձեռքի պայուսակն իրենց հետ տանել ու Իրանում հանձնել Սոհրաբիի կնոջը:

 

Բայց քանի որ իրենց համերկացիներն ասել են, թե ապահովության համար ՀՀ մաքսային հսկողության մոնիտորով ճամպրուկներն իրենք անցկացնեն ու նոր հանձնեն իրենց, ստիպված են եղել մտնել մաքսակետ:

 

Ինչևէ, հենց այստեղ էլ հայտնաբերել են նրանց գոտկատեղին կապված գումարները: Ու թեև իրանցիները մինչև վերջ էլ պնդել են, որ Հայաստանից մեկնելու մտադրություն չեն ունեցել, բայց դատարանը նրանց մեղավոր է ճանաչել՝ մաքսանենգության համար:


«Փաստինֆո»