Հայաստանն այս տարի Բելառուսից արդեն ներկրել և վաճառքի է հանել 50 տրակտոր. 50-ն էլ կներկրի առաջիկայում: Պահանջարկի ավելացման դեպքում հնարավոր կլինի ներմուծել ևս 180 տրակտոր: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Նա նշեց, որ գյուղտեխնիկայի նորացումն առաջնային խնդիր է:
Բելառուսից ներկրվող տրակտորները վաճառվելու են անմիջական և լիզինգային տարբերակով՝ 7 միլիոն դրամով: «Մենք, ընդհանրապես, Բելառուսի հետ պայմանավորվել ենք 400 տրակտորի համար: 120-ը բերել ենք անցյալ տարի, 100-ը բերում ենք և դեռ 180 տրակտոր էլ ունենք բերելու, եթե պահանջարկը լինի, այս տարի կբերենք, խնդիր չի լինի»,- ասաց փոխնախարարը: Տրակտորի մակնիշն է «ՄՏԶ 82.1»:
Լիզինգային տարբերակով վաճառքի դեպքում գնորդը նախապես վճարվում է արժեքի 20 տոկոսը: Տեխնիկան տրվում է 6 տարի մարման ժամկետով, 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Հարակից սարքերը տրամադրվում են 3 տարի մարման ժամկետով: Բաղիյանը հիշեցրեց, որ Հայաստանում շուրջ 14 հազար 500 տրակտոր կա՝ անվավոր և թրթուրավոր, որոնք ամեն տարի նորոգվում են, բերվում նորմալ տեսքի, աշխատանք են կատարում, որի ընթացքում լինում են խափանումներ և դրանք նորից վերանորոգվում են: Փոխնախարարի խոսքով՝ գյուղտեխնիկան հիմնական ում պատրաստ է, և գարնան դաշտային աշխատանքները սկսված են:
Հայաստանում կա նաև 18 հազար 500 այլ տեսակի գյուղտեխնիկա, այսինքն' գութաններ, կցորդներ և այլն: Կոմբայնների թիվը կազմում է 1355: Փոխնախարարը նշեց, որ այդ տեխնիկայի 93 տոկոսը մնացել է Խորհրդային Միությունից, իսկ մնացած 7 տոկոսը՝ ստացել ենք տարբեր տարիներին գրանտային եղանակով մի շարք երկրներից: «Պետք է ասեմ, որ «սովետական» տեխնիկան մեզ համար ավելի հարազատ է, քանի որ մեր տրակտորիստներն ու ինժեներները հարմարված են այդ տեխնիկային, և դրանց խափանումների վերացումն ավելի հեշտ ու արագ է ստացվում»,- նշեց Բաղիյանը:
Նա հիշեցրեց Բելառուսի և Հայաստանի Նախագահների հանդիպումների մասին, որտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի գյուղտեխնիկայի նորացման հարցում նրանք մեզ օգնեն: «Անձամբ ես եմ եղել Բելառուսում, հանդիպել եմ տրակտորի գործարանի ամբողջ տնօրինության, արտադրության նախարարին, գյուղատնտեսության նախարարին, համապատասխան բանակցություններ ենք վարել և դրանց արդյունքում անցյալ տարի մեզ հատկացվել են 120 տրակտորներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ տրակտորներն անցյալ տարի իրացվել են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: