Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մայիսի 15-ին Երևանում ներկայացրել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Digital նոր նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել թվային տնտեսությանն ու հասարակությանը: Այս մասին տեղեկացրին EU4Digital նախաձեռնության գրասենյակից:
«Այս միջոցառման նպատակն էր ներկայացնել EU4Digital ծրագիրը որպես առաջատար նախաձեռնություն, որն ուղղված է թվային տիրույթում ԵՄ քաղաքականության նպատակների աջակցությանը՝ գործողությունների լայն շրջանակի կիրառմամբ: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև Հայաստանում թվային թեմաների համատեքստում հաջողություններն ու ընդհանուր իրավիճակը, քննարկվեցին առաջիկա անելիքները։
Հանդիպմանը ելույթ ունեցան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցւթյան բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը:
«ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության երկար պատմություն ունի էլեկտրոնային կառավարման/թվայնացման ոլորտում («Mulberry» անթուղթ նախարարություն, e-քաղաքացիական կացության ակտերի գրանցում, բիզնեսի առցանց գրանցում և այլն): Մենք նաև իրականացնում ենք նոր, հավակնոտ մի ծրագիր, որի նպատակն է հիմնել կառավարական փոխգործակցային հարթակ՝ հնարավոր դարձնելով պարզեցված և ստանդարտացված պահով կապ Հայաստանի հանրային կառավարման բոլոր կառույցների միջև, ներկայացնելով նաև Մեկ պատուհանի սկզբունքը սահմանային անցակետերի համար: Վերջերս շնորհանդեսով ԵՄ հանձնակատար Ա.Անսիպի Հայաստան այցելության ընթացքում ներկայացված EU4Digital տարածաշրջանային նոր ծրագրի նպատակն է հզորացնել ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությունը, կառուցել նախկին արդյունքների վրա ու կենտրոնանալ հեռահաղորդակցության կանոնների, վստահության և անվտանգության, e-առևտրի, ՏՀՏ նորարարության, e-առողջության և e-հմտությունների վրա: Մենք վստահ ենք, որ այս ծրագրի արդյունքները կբերեն առցանց ծառայությունների կատարելագործում ավելի լավ սակագներով և ավելի մեծ ընտրությամբ, գրավելով ներդրումներ, խթանելով առևտուրն ու զբաղվածությունը, ինչպես նաև հզորացնելով համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության ներսում»,- բացման իր խոսքում նշեց Գրեգորի Ցուրիսը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը։
Ողջունելով ներկաներին՝ նա ներկայացրեց առաջիկայում ակնկալվող կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները, հատկապես թվայնացման տիրույթում իրականացված, իրականացվող և իրականացվելիք նախաձեռնությունների համակարգման և դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Նախարարի խորհրդականն ընդգծեց, որ նախարարության թիրախային խնդիրների շարքում է լինելու երկրի թվային փոխարկման օրակարգի մշակումը, իրագործումը և արդյունքների մոնիտորինգը հետևյալ ուղղություններով՝
- Է-կառավարման զարգացում
- Թվային հասարակության զարգացում
- Թվային տնտեսության զարգացում
- Արագ լայնաշերտ կապի և տվյալների պահման ենթակառուցվածքների զարգացում
Գայանե Սերոբյանը նշել է, որ այս բոլոր ենթաուղղություններում կիբերանվտանգության հարցերը անցնում են կարմիր թելով:
Բացման խոսքին հետևեց նախաձեռնության ամբողջական ներկայացումը և թեմատիկ քննարկում EU4Digital-ի բաղադրիչների, թվային այն նախաձեռնությունների մասին Հայաստանում և տարածաշրջանում ընդհանրապես:
Տարածաշրջանային «EU4Digital. աջակցելով թվային տնտեսությանն ու հասարակությանը Արևելյան գործընկերությունում» ծրագիրն ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանը: Այն սկսվել է 2019թ. հունվարին և կտևի մինչև 2021թ. դեկտեմբեր:
EU4Digital-ի նպատակն է տարածել Եվրոպական միության Թվային միասնական շուկայի առավելությունները Արևելյան գործընկեր երկրներում՝ ԵՄ աջակցությունն ուղղելով թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացմանը տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի բարելավման և գործարարությանն աջակցելու համար:
EU4Digital-ի միջոցով ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին ռոումինգի սակագների իջեցմանը, բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետի զարգացմանը՝ տնտեսության խթանման ու էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, լոգիստիկայից մինչև առողջապահություն տարբեր ոլորտներում հասարակության մեջ թվային կառուցվածքների ներդաշնակեցման, ինչպես նաև կիբերանվտանգության կառուցման և թվային հմտությունների զարգացման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: