Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել։

«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է՝ «Կրեմլը մարդաորս է անում Հայաստանում»։ Ըստ նրա, դեկտեմբերի 8-ին ստանում են ահազանգ ռուսական իրավապաշտպան կազմակերպության կողմից, որ ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել է պայմանագրային զինծառայող Դմիտրիյ Սետրակովը, որին հետո տեղափոխել են 102-րդ ռուսական բազայի տարածք։

«Ձերբակալելու ու տեղափոխելու մասին հայտնել է Սետրակովի կինը, որին զանգահարել են հայկական հեռախոսահամարով, ներկայացել որպես Հայաստանի Հանրապետության ՌՈ աշխատակիցներ։ Տեղեկատվությունը ստանալուց հետո մի շարք հրատապ գործողություններ իրականցրեցինք։ Առաջինը գրություն ուղարկեցինք Գլխավոր դատախազություն, որ ՀՀ տարածքում ռուսական իրավապահների կողմից ձերբակալվել է անձը՝ ՌԴ քաղաքացին, և տեղափոխվել բազա։ Դիմել ենք գլխավոր դատախազությանը՝ միջոցներ ձեռնարկելու առաջին հերթին փաստացի առևանգումը կատարած անձանց դեմ քրեական գործ հարուցելու, ապա Սետրակովին ազատելու ապօրինի անազատությունից, կանխելու նրա հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս՝ խոշտանգումներից զերծ մնալու»,-ասել է նա։

The Moscow times-ը հայտնել է, որ Սետրակովը տեղափոխվել է ՌԴ տարածք՝ Դոնի Ռոստովում։ «Անցած շաբաթ Հայաստանում ռուսական զորքերի կողմից դասալքության մեղադրանքով ձերբակալված ռուս զինծառայողը բռնի ուժով վերադարձվել է հայրենիք»,-նշել է աղբյուրը։