Կոսովոյում խաղաղարար առաքելությանը մասնակցող հայ զինծառայողները Հարավային Դակոտայի ազգային գվարդիայի զինվորների հետ օդային արագ արձագանքման դասընթացների են մասնակցել մարտի 12-ին Բոնդսթիլ ճամբարում: Ինչպես հաղորդում է DVIDS-ը, դասընթացի նպատակն է ուսուցանել և մարզել ամերիկացի և հայ զինծառայողներին ար ագ և ապահով բարձրանալ և իջնել UH-60 «Սև բազե» ուղղաթիռներից: «Իմ զինվորների մեծ մասը երբեք ուղղաթիռ չի նստել: Մենք ցանկանում ենք երաշխավորել, որ բոլորը հարմար կզգան ուղղաթիռով թռչելիս և ապագայում չեն վախենա»,- նշել է հայկական դասակի հրամանատար, կապիտան Սլավիկ Ավետիսյանը:

 

Դասընթացն ավարտվել է Նովո Սելո ճամբարում, որը հայ խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող հիմնական տարածքն է:

 

Կոսովոյում հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում: Նրանք պատասխանատու են պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:

 

2004 թվականից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ. փետրվարին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից' առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ հայերը շարունակում են առաքելությունը: