Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

 

Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:

 

Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:

 

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով»։