Արմավիրի մարզում փակվել է ձկնաբուծական տնտեսություններ շուրջ 20 տոկոսը, պատճառը մարզի տարածքում հորատվող խորքային հորերն են, որոնք իջեցրել են մարզի ստորերկրյա ջրային պաշարների մակարդակը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով, աշխատանքներ են տարվում չօգտագործվող խորքային հորերը փակելու ուղղությամբ։ Խնդիրը գրավել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի ուշադրությունը, որը փաստում է, որ վերջին տարիներին ձկնաբուծության անվերահսկելի աճը ջրի լուրջ նվազման պատճառ է դարձել:
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը նշեց, որ USAID-ն նպատակ է դրել օգնել բոլոր կողմերին, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններին' ջուրն արդյունավետ օգտագործել և ներդնել նոր տեխնոլոգիաներ, քանի որ Արարատյան դաշտի գոյությունը կախված է այս խնդրի լուծումից: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, Արարատյան դաշտում կա ջրի դեֆիցիտ, այսինքն' կան խնդիրներ կապված ջրի, ստորջ րյա ջրերի մատչելիության հետ։ Այսօր Արարատյան դաշտի ջրի հարցը դարձել է ազգային խնդիր, և անհրաժեշտ է գտնել այս խնդրի քաղաքական և տեխնիկական լուծումը: Մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարությանը' մշակելու անհրաժեշտ օրենքներ և վերահսկման համակարգ, որն արդար լինի բոլոր շահառուների համար: Մեր նպատակն է օգնել ձկնաբուծությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվողներին, որպեսզի առավել արդյունավետ օգտագործեն ստորգետնյա ջրերը: Իսկ դրա համար հարկավոր են նոր տեխնոլոգիաներ»,-ասաց Հիլիարդը:
«Հայջրնախագիծ ինստիտուտ»-ի տնօրեն Յուրի Ջավադյանը մտահոգիչ համարեց Արարատյան դաշտի ջրային պաշարների ներկա իրավիճակը՝ նշելով, որ Մեծամորի ավազանում 303 խորքային հորերից 120-ը իսպառ չորացել են: «Երեք տարվա ընթացքում 77 ձկնաբուծական տնտեսություն է վերացել, մոտ 3 անգամ կրճատվել է դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների տարածքը»,-ասաց նա։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանում իրականացնում է «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին է ներկայացնում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերությունների կոնսորցիումի փորձագետների կողմից և ավարտվել է 2014 թ. փետրվարին:
Գոհար Ավետիսյան