Հոմսում մարտի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է ևս 26-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել Հոմսի Զահրա թաղամասի հրապարակում: Զոհերից 3-ը կանայք են, իսկ վիրավորների մեծամասնությունը երեխաներ և կանայք են: Բացի մարդ կային վնասներից, պայթյունը նյութական վնասներ է պատճառել մոտակայքում գտնվող տներին, առևտրի կենտրոններին և մեքենաներին:

 

Մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել Դամասկոսի Բարիդա գյուղում, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 2 երեխա: Դամասկոսի Կասսաա շրջանում հրասանդ ընկնելու հետևանքով 13 քաղաքացիներ են վիրավորվել: Հրասանդն ընկել է Օմայան հրապարակում, որի հետևանքով 11 քաղաքացի են վիրավորվել, մյուս 2 քաղաքացին վիրավորվել են Կայմարիա թաղամասում 2 հրասանդ ընկնելու հետևանքով:

 

Մի քանի հրասանդներ են ընկել Դամասկոսի Աբբասիին, Մզզե, Աբու Ռումանա բնակելի թաղամասերում, որոնց պատճառած վնասները նյութական են:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: