Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 18-ին որոշում կկայացնի քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գործով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Եվրոպական դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Օջալանի համար նախատեսված ցմահ բանտարկությունը և ներկա բանտային պայմանները հակասում են Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի կետերին: Դատական հայցում խոսվում է նաև այն մասին, որ Օջալանը բանտում կամաց-կամաց թունավորվում է քրոմով և սոդիումով:

 

1980-1998 թվականներին Օջալանը բնակվել է Սիրիայում, որտեղից էլ ղեկավարել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK): 1998 թվականին Անկարայի ճնշման տակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը խնդրում է Օջալանին լքել երկիրը։ 1999 թվականին Քենիայում նրան ձերբակալում են և տեղափոխում Թուրքիա։ Թուրքական դատարանը Օջալանին դատապարտում է մահապատժի հայրենիքի դավաճանության մեղադրանքով, սակայն Եվրախորհրդի օրենքների համաձայն՝ այդ վճիռը հետագայում փոխվում է ցմահ ազատազրկման։