Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Գերագույն պալատը մեկ տարվա ընթացքում կհրապարակի էստոնական Delfi լրատվական գործակալության վերաբերյալ որոշումը: Համաձայն որոշման էլ պարզ կդառնա՝ կայքի ղեկավարությունը պատասխանատվություն կրո՞ւմ է ընթերցողների մեկնաբանությունների համար, թե ոչ: Եթե դատարանը մերժեց որոշում կայացնել ընդդեմ լրատվամիջոցի, ապա գործը նախադեպ կհանդիսանա, որպեսզ ի լրատվամիջոցները պատասխանատվություն կրեն ընթերցողների տեսակետի համար և բարոյական փոխհատուցում վճարեն:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Delfi լրատվական գործակալության խմբագիր Ուրմո Սոոնվալդը շեշտում է, որ որոշումը ոչ միայն իրենց գործակալության, այլև ամբողջ լրատվական դաշտի դեմ է: «Ո՞վ պետք է ստուգի՝ արդյոք դա ճի՞շտ մեկնաբանություն է եղել, թե ոչ: Համացանցը պետք է ազատ լինի: Մարդիկ պետք է ասեն այն, ինչ ցանկանում են ասել, եթե, իհարկե, ասելիքը պարկեշտության շրջանակում է:

 

Մեղավոր է ոչ թե համացանցը կամ որոշակի կայքը, այլ մարդը, ով տեսակետ է հայտնել»,- ասում է Սոոնվալդը՝ հավելելով, թե չեն մտածել այն ուղղությամբ, որ ՄԻԵԴ գերագույն պալատը կարող է ընդդեմ կայքի որոշում կայացնել: «Երկրորդ տարբերակ» չենք մտածել և այսօր էլ աշխատում ենք նախկինի պես. ունենք 5 մոդերատոր, ովքեր հետևում են մեկնաբանություններին»,- ասաց Սոոնվալդը: Միաժամանակ, ըստ խմբագրի, երբ սկսվեց Ուկրաինայի ճգնաժամը, կայքում շատ հոդվածների համար նախատեսված մեկնաբանությունների բաժինը փակվել է՝ վիրավորական և անպարկեշտ բառապաշարի պատճառով:

 

Սոոնվալդի գնահատմամբ, այս գործով իրենց կայքը հայտնվել է թե՛ էստոնական, թե՛ ԵՄ բազմաթիվ երկրների ուշադրության կենտրոնում: Խմբագիրը փաստում է, որ ՄԻԵԴ-ում «Delfi-ն ընդդեմ Էստոնիայի» դատավարությունը լուսաբանում էին բազմաթիվ լրատվամիջոցներ: «Բոլորն էլ սպասում են այս որոշմանը՝ հասկանալու համար, թե ապագայում իրենց ինչ է սպասում: Իհարկե, այսօր բոլոր լրատվամիջոցներն էլ մեծ ուշադրություն են դարձնում կայքում մեկնաբանություններին, սակայն հասկանալի է, որ անհնար է ամբողջությամբ վերահսկել մեկնաբանությունների հոսքը»,- նշեց Սոոնվալդը՝ հա վելելով, որ օրական իրենց կայքում ավելի քան 300.000 մեկնաբանություն է հայտնվում:

 

2009 թվականին Delfi-ի կայքում տեղադրված նյութի տակ կատարված մեկնաբանությունների վերաբերյալ սկսված դատավարության արդյունքում լուրերի պորտալը ստիպված եղավ մեկնաբանություններից տուժած կողմին բարոյական վնաս փոխհատուցել։

 

«Delfi-ն ընդդեմ Էստոնիայի» գործը ՄԻԵԴ-ում քննվել է այս տարվա հուլիսին: Ավելի վաղ Էստոնիայի ազգային երեք դատարանները որոշում են կայացրել, որ կազմակերպությունը պատասխանատվություն է կրում ընթերցողների թողած մեկնաբանությունների համար, այդ թվում՝ վիրավորական արտահայտությունների:

 

ՄԻԵԴ-ում նույնպես գործակալությունը պարտվեց: ՄԻԵԴ-ը որոշեց, որ ընթերցողների թողած վիրավորական մեկնաբանությունների համար կազմակերպությանը պատասխանատվության կանչելը խոսքի ազատության խախտում չէ: Եվրոպական դատարանը հաշվի չառավ անգամ այն հանգամանքը, որ կայքում նախապես գրված է եղել, որ լրատվամիջոցը պատասխանատվություն չի կրում ընթերցողների մեկնաբանությունների համար և մինչ այդ գործն էլ ընթերցողների մեկնաբանությունները նախապես չեն խմբագրվել:

 

ՄԻԵԴ գերագույն պալատը վերջին ատյանն է, ուր կայքը կարող էր դիմել, և որոշումը կարող է նախադեպ դառնալ այս ոլորտի դատական գործերի համար:

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ