Ղրիմում ստեղծված իրավիճակը նոր սառը պատերազմի խթան կհանդիսանա: Այս մասին հաղորդում է թուրքական IHA լրատվական գործակալությունը, Կոպենհագենում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, ով պաշտոնական այցով գտնվում է Դանիայում:

 

Նա կոչ է արել սառնասրտություն ցուցաբերել Ղրիմի հետ կապված ճգնաժամի հարցում եւ նշել, որ նոր սառը պատերազմ սկսվելու դեպքում ոչ մի կողմն օգուտ չի ստանա:

 

Եվրամիության նախկին պաշտոնյա, թուրքական «Զաման» թերթի վերլուծաբան Ջուստ Լագենդիյկը հավանական նոր սառը պատերազմ սկսվելու առնչությամբ հայտարարել է, որ «դա վատ լուր է Թուրքիայի ժողովրդավարության համար»:

 

«Տարածաշրջանում ունեցած կենսական դերի պատճառով ԵՄ երկրները ներկայում ձեռնպահ են մնում Թուրքիայի ներքին թերությունների քննադատությունից, ինչը վատ ազդեցություն կունենա Թուրքիայում ժողովրդավարության զարգացման վրա», -շեշտել է նա' «Զաման»-ում կատարած վերլուծության մեջ: