ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կիսում տեսակետը, որ Հայաստանի վերաբերմունքը զգույշ է Ղրիմի հարցում: «Արտաքին գործերի նախարարն արել է իր հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես իր դիրքորոշումն է արտահայտել, և այստեղ զգուշություն չեմ տեսնում»,- ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շավարշ Քոչարյանը:

 

Հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ' Ղրիմի հանրաքվեից հետո, ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով' ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:

 

Միաժամանակ, ԼՂՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված էր. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքինգործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում»: Նշվել էր, որ իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որը ամրագրված էՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: «ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղճանապարհով»,- նշված էր հայտարարությունում։