Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կիեւի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հիշեցրեց, որ 2013թ. Ուկրաինան նախագահում էր ԵԱՀԿ-ն ու նախագահության ընթացքում էլ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը: «Կա հստակ դիրքորոշում, ո րն անփոփոխ է. Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասաց նա:

 

Իվան Կուխտան չմեկնաբանեց Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոյի Լեռնային Ղարաբաղի առնչությամբ արած հայտարարությունը: Դեսպանն ասաց, որ տեղյակ չէ, թե Ադրբեջանի իր գործընկերն ինչ է հայտարարել, սակայն ինքը ներկայացրել է պաշտոնական Կիեւի տեսակետը:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Իվան Կուխտան նշեց, որ չի դիտել մարտի 18-ին ուկրաինական հեռուստաընկերությամբ «Խոսում է Ուկրաինան» թոք շոուն, որի ընթացքում հաղորդավարը տուրք տվեց ադրբեջանական քարոզչությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խեղաթյուրված պատմություն ներկայացրեց: «Ես չեմ տեսել այդ հաղորդումն ու տեղյակ չեմ' ում են հրավիրել եւ ում չեն հրավիրել»,- կարճ պատասխանեց դեսպանը:

 

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին մարտի 19-ին հետեւյալ հայտարարությունն է կատարել. «22 տարի առաջ մենք չէինք հասկանում Ադրբեջանի դեպքերի մասշտաբը, եւ այժմ համանման իրավիճակում ենք հայտնվել: Ստացվում է, որ պետությունները, ինչպես եւ մարդիկ, իրենց սխալների վրա են սովորում»:

 

«Канал Украина» հեռուստաընկերության «Խոսում է Ուկրաինան» թոք-շոուի մարտի 18-ի հաղորդումը նվիրված էր չճանաչված պետություններին եւ նրանց ճակատագրերին: Փորձելով հասկանալ, թե ինչպիսի ճակատագիր է սպասվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությանը' հյուրերը քննարկում էին ինքնորոշում ստացած երկրների ներկան ու ապագան: Հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հաղորդման կազմակերպիչները տաղավար էին հրավիրել միայն ադրբեջանցիների եւ ներկայացրել էին բացառապես մեկ կողմի տեսակետը, որը աղերս չուներ իրականության հետ:



Հասմիկ Հարությունյան