«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ պարզելու օրեր առաջ համացանցում տարածված աուդիո ձայնագրության մեջ Վարդան Սեդրակյանի անվան հետ կապվող միլիոնավոր դոլարների կապը Հայրիկյանի քրեական գործի հետ:
Մարտի 24-ին հրավիրած ասուլիսում փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հայտարարության տեքստը: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ համացանցում տարածվեց աուդիո ձայնագրություն Պարույր Հայրիկյանի քրեական գործով դատապարտյալ Վարդան Սեդրակյանի կնոջ և Ալեքսանդր Աբրահամյանի միջև, մասնակցությամբ Սեդրակյանի փաստաբան Սիրունյանի, որտեղ խոսակցություն է գնում միլիոնավոր դոլարների մասին, որն Ալեքսանդր Աբրահամյանը ցանկանում է ետ ստանալ Սեդրակյանի ընտանիքից:
Փաստաբանը հիշեցրեց, որ սույն քրեական գործի շրջանակներում դեռևս դատաքննության փուլում Պարույր Հայրիկյանը միջնորդութուն էր արել, որպեսզի հարցաքննեն հայր և որդի Աբրահամյաններին, որոնցից որդին' Էդուարդ Աբրահամյանը, քրգործում ցուցմունք է տվել, որ Սեդրակյանին է տվել միլիոնավոր ԱՄՆ դոլարներ: «Հաշվի առնելով, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովվում է Վարդան Սեդրակյանի անունը, ով, ըստ Ալեքսանդր Աբրահամյանի, իր որդուց վերցրել է միլիոնավոր դոլարներ, որն ուղղակի կապ կարող է ունենալ սույն քրեական գործի հետ, դիմում եմ Ազգային անվտանգության ծառա յությանը, ՀՀ Գլխավոր դատախազին. զրույցում քննարկվող միլիոնավոր դոլարները, որոնք իբր ստացել է սույն քրեական գործով դատապարտյալ Վարդան Սեդրակյանը, որքանո՞վ կապ ունեն Հայրիկյանի քրեական գործի հետ: Ի՞նչ գումարներ են դրանք, և որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման հետ»,- նշեց Բաղդասարյանը: Փաստաբանը հայտնեց, որ պահպանել է համացանցում տարածված ձայնագրությունը և կարող է տրամադրել ցանկացողներին:
Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրյալ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը 2013 թվականի սեպտեմբերի 23-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Նրա կալանավորման ժամկետը կհաշվվի 2013թ. փետրվարի 7-ից: Նույն գործով ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատապարտվել են, համապատասխանաբար, 14 և 12 տարի ազատազրկման: