Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը, և ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվեց երկամսյա կալանքի տակ:

Վերջինս կալանավորվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի գործի շրջանակներում:

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի միջազգային հարցերով պատասխանատու Կարո Եղնուկյանը բացառեց այն կարծիքը, որ Պարույր Հայրիկյանի և Վարդան Սեդրակյանի միջև կարող է կապ լինել:

«Ես որևէ կապ չեմ տեսնում, գիտեմ այն, ինչ գրում են լրատվամիջոցները, թե այդ մարդիկ մասնակցել են իրենց տան վերանորոգման աշխատանքներին, ես այդ գիտեմ միայն: Իսկ թե դա ինչ կապ ունի մահափորձի հետ, ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն դեռ կպարզի: Ոչ մի կապ բացարձակապես չի եղել Պարույր Հայրիկյանի և էպոսագետի միջև:

Կարո Եղնուկյանի կարծիքով՝ եթե նույնիսկ Սեդրակյանը մահափորձի հետ կապ ունենա, վերջինս միայնակ լինել չէր կարող, ու չբացառեց պատվիրատուներ ունենալու տեսակետը: Իսկ թե ինչ ուժեր են կանգնած Վարդան Սեդրակյանի ետևում, ինչ պատվիրատուների մասին է խոսքը, Կարող Եղնուկյանն իր տեսակետը հայտնեց.

«Ուժերը դժվար է ասել, թե կոնկրետ ովքեր են, բայց այն, որ Հայստանում գործել և գործում են նախկին սովետական գործակալները, որոնք դեռ բացահայտված չեն, հետևաբար, տրամաբանորեն միայն այդ ուղղությամբ կարող ենք նայել, որովհետև այն, ինչ չգիտես, այդտեղից է վտանգը: Նրանք կարող են գործել Հայաստանում, քանի դեռ բացահայտված չեն. սա հարցի տրամաբանական մոտեցումն է: Ամերիկացին գա, անի, մեր Անվտանգությունը կիմանա, որ Ամերիկայից մեկը դեսանտ է իջել, իսկ Ռուսաստանից մեկը գա, դժվար կլինի, քանի որ նրանք նույն ցանցի մարդիկ են»:

Իսկ ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակին, վերջինս ասաց, որ Հայրիկյանը դեռ հետազոտվում է, և չի բացառվում նաև արտասահմանում բուժումը շարունակելը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարարելու կասկածանքով ձերբակալված անձինք՝ 56-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանը, կապ են ունեցել Վարդան Սեդրակյանի հետ. նրանք զբաղվել են Վարդան Սեդրակյանի տան և ամառանոցի վերանորոգման աշխատանքներով: