Ազգային ժողովի օրակարգ է արտահերթ կարգով ընդգրկվել ԱԺ պատգամավորների 1/3-րդ առաջարկած նախագիծը ստեղծել ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-2013 թվականներին բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը' արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները:
Նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախքան հարցի բուն էությանն անցնելը հայտնեց, որ այս հարցին բացի ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից միացել են նաև Երևանի ավագանու «Բարև Երևանի» ու ԲՀԿ-ի խմբակցությունները:
«Հեղինակային իրավունքն էլ պատկանում է ժողովրդի մեծամասնությանը, ովքեր իրենց ընդվզումն են արտահայտում արագաչափերի, կարմիր գծերի ու վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ»,-ասաց նա:
Հակոբյանի խոսքով' մասնավոր ընկերությունները կարմիր գծեր են գծում քաղաքում և տուրք են գանձում քաղաքացիներից առանց որևէ սպասարկման:
«Բացարձակ որևէ սպասարկում չկա, միակ սպասարկումն այն է, որ կարմիր գծեր են քաշում: Որևէ մեկը պատասախանատվություն չի կրում այս մեքենաների համար, առևանգել կլինի և այլն, որևէ շահագրգռվածություն չկա, որ ապահով կլինի»,-նկատեց Հակոբյանը:
Ըստ խմբակցության ղեկավարի' հանձնաժողովը կարմիր գծերի հետ կապված պետք է պատասխանի մի քանի առանցքային հարցերի՝ նախ ինչ պատճառաբանությամբ է կայացվել Երևանի ավտոկայանատեղիների գումարի հավաքագրումը մասնավոր ընկերությունների միջոցով իրականացնելն այն դեպքում, երբ սպասարկումը կարող էր կազմակերպել քաղաքապետարանը:
«Ինչ սկզբունքներով ու չափանիշներով են որոշելու փողոցների կայացման տեղերը, շատ պետք է ճարպիկ լինես, որ Պուշկինի նման նեղ փողոցով անցնես, կարմիր գծեր են գցել ու լավ հիմքեր են ստեղծել վթարների առաջացման համար: Խնդիրը մեկն է, ոչ թե լուծել գերբեռնված վիճակն ու այն թեթևացնել, այլ ավելի շատ գումար պոկել»,-ասաց պատգամավորը: Հանձնաժողովը պետք է ուսումանսիրի նաև' երբ է հիմնադրվել «Փարկինք Սիթի» ՓԲԸ, ինչ հիմունքներով են կնքվել նրա հետ պայմանագրերը, արդյոք իրականացվել է ուսումնասիրություն Երևանի փողոցների ծանրաբեռնվածության վերաբերյալ և ինչ ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել:
«Պետք է միակողմանի անվավեր ճանաչել այս օրենքները, ինչքա՞ն կարելի է չսիրել երևանցուն, որ արտաերևանյան նման որոշում ընդունել: Ում մոտ է հղացել այն միտքը, որ Հայաստանի տարածքը կարող են մասնավորցնել մարդիկ, որ ոչ մի ներդրում չունեն ՀՀ փողոցներում, ժողովրդից նալոգ են հավաքում սա նալոգ հավաքելն է և երբ ասում ենք տնամերձի է վերածվել, մենք սա ի նկատի ունենք»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: