Հայաստանի 8 ձյուդոիստներից և ոչ մեկը չի կարողացել արժանի տեղ զբաղեցնել մարտի 21-23-ը Թբիլիսիում կայացած ձյուդոյի Գրան պրի կարգի միջազգային մրցաշարում, որին մասնակցեցին 27 երկրի 150-ից ավելի մարզիկ:
60կգ քաշայիններ Գարիկ Հարությունյանը և Գրիգոր Իվանյանը, 66կգ քաշայիններ Արսեն և Դավիթ Ղազարյանները, մրցաշարի վերջին օրը 85կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը և մոսկվաբնակ մարզիկ Ռաֆայել Դավթյանը, իսկ կանանց մրցաշարում՝ 52կգ քաշային Սոսե Բալասանյանը պարտություն կրեցին արդեն իսկ մեկնարկային մրցամարտերում և դուրս մնացին հետագա մրցապայքարից: Ի դեպ, երկու դեպքում մեր մարզիկները զիջեցին ոչ թե միավորներով, այլ մրցավարից նկատողություններ ստանալու համար: Միայն 73կգ քաշային կարգում հայաստանցի մասնակից Դավիթ Նիկողոսյանը մեկ մրցամարտում հաղթանակ տոնեց' իր մրցակցին զիջելով երկրորդ փուլում:
Մրցաշարին լավագույնս հանդես եկան Վրաստանի մարզիկները, որոնք հաղթեցին և մրցանակներ նվաճեցին մի քանի քաշային կարգերում:
Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող 66կգ քաշային Արսեն Գալստյանը և 57 կգ քաշային Շուշան Ղևոնդյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով: