Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում' համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Սակայն դիմելիության աշխուժացում է դիտվում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում' պայմանավորված մինչև 2 տարեկան երեխաների դիմելիությամբ:
Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում նշված քանակակազմում շրջանառվում են ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդների վիճակը միջին ծանրության է, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:
Համաձայն «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի օպերատիվ տվյալների' նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված կանչերը' համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի: Վերջին 2 շաբաթվա ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառվում են ինչպես գրիպի «Ա» տեսակի H3N2 ենթատեսակը, այնպես էլ շնչառական այլ վարակների հարուցիչները' ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:
Եվրոպական տարածաշրջանում ևս գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը նվազել է: Նվազել են նաև լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերը: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների' 2014 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի «Ա» տեսակը (H1N1 պանդեմիկ և H2N3 ենթատեսակներ): Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում , Ադրբեջանում, Թուրքիայում նույնպես դիտվում է սուր շնչառական վարակների նվազում: Նշված երկրներում ներկայումս շրջանառում է գրիպի «Ա» տեսակի H3N2 ենթատեսակը: