Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կլինեն:

 

«Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի», - ասաց Ազգային ժողովի նախագահը:

 

Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքեց․ - «Պատրաստ ենք քննարկել»:

 

Տպավորությունն այնպիսին է, որ Հովիկ Աբրահամյանը իր ճեպազրույցի տեքստը սերտելիս անընդհատ ինքն իր մեջ կրկնել է, որ պետք է հիշել՝ զիջումները ճնշումների հետ կապ չունեն: Հավանաբար պարոն Աբրահամյանը դեռևս դուրս չի եկել իր կարիերայի սկզբում արտաշատյան յուղման կետում ծավալած քաղաքական դիալոգների շրջանակներից և իրեն դնում է բացարձակ ծիծաղելի իրավիճակի մեջ:

 

Այնուամենայնիվ, նա ակամայից խոստովանեց, որ ստիպված են մտնել բանակցությունների և քննարկումների դաշտ:

 

Երկրի երկրորդ դեմքը, հայտարարելով, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված չէ հասարակական ճնշումներով, անհեթեթ իրավիճակում է հայտնվում: ԱԺ-ն վաղուց կուրորեն դակել է այդ նախագիծը, և նույն մարմնի ղեկավարը որևէ կերպ քննարկումների ժամանակ չի բարձրաձայնել այդ բացթողումների մասին: Ընդվզման ալիքից հետո իշխանական տարբեր օրակներ խուճապահար սկսեցին նկատել ռեֆորմի թերությունները: Բայց քանի որ կիսաքրեական իշխանիկներին հարիր չէ խոստովանել, որ քննարկումների անհրաժեշտության պատճառը ահագնացող բողոքի ակցիաներն են, ԱԺ նախագահը այդ փաստը ժխտելու համար օգտագործում է իր ամբողջ բառամթերքը:

 

Հովիկ Աբրահամյանը ակամայից խոստովանում է, որ իշխող մեծամասնությունը, այդ թվում նաև իր գլխավորությամբ, հանցավոր անտարբերություն է ցուցաբերել պետության համար այնպիսի կարևորագույն ռեֆորմի նկատմամբ, ինչպիսին է կենսաթոշակային բարեփոխումը: Ազգային ժողովը, առանց ուսումնասիրության և առանց պատշաճ քննարկման, ընդունել է մի օրինագիծ, որը կարող է ճակատագրական լինել մի ամբողջ պետության և նրա սերունդների համար: Անգամ օրենքի ընդունումից և դրա հակասական կիրառումիցվ հետո երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը որևէ կերպ չհիշեցրեց իր գոյության մասին և երևան եկավ միայն այն դեպքում, երբ հասարակությունը սկսեց տարբեր ձևաչափերով պայքարել այս օրենսդրական փոփոխությունների դեմ:

 

Ինչ վերաբերվում է ճնշումներին չենթարկվելու՝ ԱԺ նախագահի թափանցիկ ակնարկին, ապա ուզում եմ Հովիկ Աբրահամյանին հիշեցնել մի շատ պարզ, տարրական բան: Կենսաթոշակային այս բարեփոխումը հրաշալի գաղափար է, որը հաջողությամբ գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Իհարկե, առկա են բազմաթիվ թերություններ, որոնք կարելի է շտկել, սակայն ընդվզման պատճառը, մեծ հաշվով, բարեփոխումը չէ: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները, նույն Հովիկ Աբրահամյանի գործուն մասնակցությամբ, այնպես են պղծել պետության նկատմամբ մարդկանց վստահությունը, այնպես են վարկաբեկել պետության գործիքները, բռնաբարել հասարակության հավատը, որ Հայաստանում ցանկացած ռեֆորմ, որ ներկայացվի այս իշխանությունների օրոք, արժանանալու է նույնպիսի հակազդեցության: Որովհետև դուք երկիրը մշտապես կառավարում եք որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որից պետք է ստանալ առավելագույն եկամուտ և պիտանելիության ժամկետի սպառվելուց հետո պարզապես սնանկ ճանաչել և լուծարել:

 

Լավագույն ռեֆորմը, որ դուք կարող եք իրականացնել այս երկրում, պարոն Աբրահամյան, դա հրաժարականն է և երկրում սահմանադրական կարգերի հաստատումը: Երբ ԱԺ-ն կդադարի լինել պարզապես կոճակ սեղմողների և գործադիրի ուղարկած ցանկացած անհեթեթություն դակողների ՛՛կլուբ՛՛, միգուցե հասարակությունը վստահի իր օրենսդիր մարմնին և անվստահություն չհայտնի յուրաքանչյուր նոր բարեփոխման:

 

Հասարակությունը, իրավացիորեն, չի ցանկանում իր գումարները վստահել մի կառավարության, որի անդամները, ստանալով համեստագույն աշխատավարձ, ապրում են այնպիսի կյանքով, որն իրենց լավագույն երազներում կերազեին տեսնել Դուբայի բազմաթիվ շեյխեր:

 

Իսկ այն, որ խնդիրը լուծվելու է ոչ թե քննարկումների, այլ ճնշումների դաշտում, լույսի պես պարզ է:

 

Կառավարությունը աստիճանաբար սկսում է ընկալել հոգնայի լեզուն...

 

 

Վարուժան Բաբաջանյան