ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մարտի 25-ին կարգի հրավիրեց «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող երկօրյա միջազգային համաժողովի դահլիճ ներխուժած ակտիվիստներից մեկին: Ակտիվիստը մի քանի րոպե շարունակ վանկարկում էր «Բնապահպանության նախարարությունը գերեզմանոց է», ինչին Հարությունյանը պատասխանեց. «Չափդ ճանաչիր»:
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ջանքերով մարտի 25-26-ը հրավիրված «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովը նշանավորվեց դահլիճ ներխուժած ակտիվիստների աղմկոտ ակցիայով ու սկանդալներով:
Որոշ բնապահպաններ կոշիկներով բարձրացել էին աթոռների վրա: Ակտիվիստների մի մասն էլ աչքի է ընկել համաժողովի մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Ակնկալվում է, որ համաժողովի շրջանակում կքննարկվեն ընդգրկուն թեմաներ, ինչպիսիք են համաշխարհային հանքարդյունաբերությունը, սոցիալական և բնապահպանական խնդիրների կառավարումը, թափանցիկությունն ու ոլորտի ներդրումները: Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու‚ պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման ուղիները, առավել նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծումը և այլ հարցեր:
Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ, Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանություններն ու Կանադայի կառավարությունը: Համաժողովին մասնակցում են միջազգային և տեղական փորձագետներ, դիվանագիտական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: