Ռուսաստանի պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքը «Սվոյա պրավդա» («Սեփականճշմարտությունը») վերնագրով ադրբեջանցիներին վայրենի ներկայացնող գեղարվեստական ֆիլմ է ցուցադրել: Ֆիլմը դժգոհություն է առաջացրել Մոսկվայում բնակվող ադրբեջանցիների շրջանում:

 

Ֆիլմում ներկայացվում է ԽՍՀՄ փլուզման շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները: Ֆիլմը պատմություն է Ադրբեջանի ծայրամասային լեռնային գյուղից Բաքու եկած ռուս կնոջ ճակատագրի մասին: Մոտ 3,5-ժամանոց ֆիլմը պատմում է վայրենի ադրբեջանցիների կողմից ռուսների եւ հայերի նկատմամբ կատարած դաժանությունների, հայ ընտանիքի բոլոր անդամներին սպանելու մասին:

 

1988-1990 թթ. Սումգայիթում եւ Բաքվում, ինչպես նաեւ անցյալ դարասկզբին Նախիջեւանում' Ագուլիսում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագություններն ականատեսների աչքերով իր «Քարե երազներ» վեպում հանգամանորեն նկարագրել է նաեւ Աքրամ Այլիսլին:

 

ՌԴ պետդումայում օրերս ունեցած ելույթում լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի: «Ազերբայջան» բառը ռուսերենով թարգմանելու ժամանակ նշանակում է Կասպից ծովի շրջակայքում բնակվողներ. ազեր-խազար' Կասպից ծով, բաջա' վայր, տեղ: Ռուսերեն' խազարցիներ: Իսկ դա ազգություն, ժողովուրդ չի նշանակում: Նշանակում է այդ վայրում բնակվող մարդիկ: Այսինքն' ինչպես ասում ենք վոլգոգրադցիներ», -ասել է Ժիրինովսկին: