Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները: Անդրադառնալով Քեսաբի իրադարձություններին՝ Նախագահ Սարգսյանն իրավացիորեն նշեց. «Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

 

«Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլև ազդակ ՄԱԿ-ի և այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ:

 

Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև քաղաքացիական հասարակությունը, որի կայացումը համարում եմ բոլորիս ձեռքբերումը: Մենք՝ հանրապետականներս, ողջունում ենք քաղաքական բազմակարծության ցանկացած օրինական դրսևորում, սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք և անձնական վիրավորանք: Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով և վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է»,- եզրափակեց Էդ. Շարմազանովը: