ՄԱԿ-ը հայտարարել է, որ Twitter միկրոբլոգների ցանց մուտքը Թուրքիայի տարածքում արգելափակելու մասին թուրքական կառավարության որոշումը խախտում է մարդու իրավունքների պաշտպանության գծով միջազգային պարտավորությունները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Մենք անհանգստացած ենք այն բանով, որ Twitter ցանց մուտքի շրջափակումը կարող է համատեղելի չլինել մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ», -լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը: «Այն իրավունքները, որ մարդիկ ունեն «օֆլայն», պետք է նրանք ունենան նաև «օնլայն»: Այդ պատճառով մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում չեղյալ հայտարարել Twitter-ի արգելափակումը», -հավելել է նա:

 

Թուրքական «Հուրիեթ» թերթը հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները փակել են Twitter սոցցանց մուտքը երկրում: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այդ առնչությամբ հայտարարել էր, որ իրենք այդ քայլը կատարել են դատարանի որոշման համաձայն, և ընդգծել, որ իր կառավարությանը բացարձակապես չի հետաքրքրում միջազգային հանրության արձագանքը:

 

Միջազգային ԶԼՄ-ները չեն բացառում, որ Էրդողանը նման քայլը նախաձեռնել է դեկտեմբերի կեսերին Թուրքիայում կառավարության անդամների մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն գործողությունների բացահայտումից հետո, որը սկանդալ էր առաջացրել երկրում: Համացանցում հայտնվել էին թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, անգամ Էրդողանի և նրա որդու միջև այդ կոռուպցիոն սկանդալին մասնակցությունն ապացուցող' խոշոր չափերի հասնող կաշառքների մասին հեռախոսազրույցների ձայնագրությունները:

 

Ուշագրավ է, որ Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը հավանության չի արժանացրել Twitter միջազգային սոցիալական ցանցը արգելափակելու թուրքական կառավարության քայլը' այդ մասին համապատասխան գրառում կատարելով հենց Twitter-ում: «Սոցիալական ցանցերն ամբողջությամբ փակելու որոշումը չի կարող հավանության արժանանալ: Բացի այդ, ես բազմիցս ասել եմ, որ հաղորդակցական տեխնոլոգիաները, ինչպիսին Twitter-ն է, այսօր հասանելի է աշխարհի ցանկացած կետում», -Twitter-ի իր էջում գրել էր թուրք Նախագահը:

 

Twitter-ը փակելու մասին Թուրքիայի իշխանությունների որոշումը դատապարտել են ԱՄՆ-ն ու Եվրամիության առաջատար երկրները: Ըստ նրանց' Թուրքիայի իշխանություններն այդ քայլով «խախտել են խոսքի ազատությունը, որը պետք է պաշտպանվի ցանկացած ժողովրդավարական պետությունում»: