ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Երիտասարդական միությունը Միավորված ազգերի կազմակերպությունից պահանջում են կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան և միջոցներ ձեռնարկել քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ։ Սիրիայի հայաբնակ Քեսաբի դեպքերի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնում սիրիահայությանն ու խոստանում բոլոր հնարավոր միջոցներով աջակից լինել:
«Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավորումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից և ապաստանել Լաթաքիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից և 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության: Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով և թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները և ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ: Որպես հայ երիտասարդ մենք զորակցություն ենք հայտնում սիրիահայությանը և հաստատակամություն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու և նեցուկ կանգնելու մեր հայրենակիցներին: Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թևերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ»,-նշված է հայտարարության մեջ:
Խաղաղ Քեսաբ ավանը' Սիրիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածաշրջանը, մարտի 21-ին ենթարկվել է սահմանակից Թուրքիայից ներթափանցած հարյուրավոր ահաբեկիչների հարձակումներին: Տարածաշրջանի բոլոր հայ բնակիչները սպանդի սպառնալիքի տակ ստիպված են եղել լքել իրենց տները' գաղթելով հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները: Մի մասի բախտը չի բերել և գերեվարվել է, իսկ եկեղեցիներն ու տներն ավերվել են: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարու թյամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին: