Հայաստանի եզդիները պահանջում են, որպեսզի գերտերությունները ապահովեն Իրաքի հյուսիսում բնակվող եզդիների վերադարձը իրենց տներ և հայտարարվի եզդիական ավտոնոմիա, որը գտնվի մեծ երկրների հովանու ներքո:

 

Այս մասին հունվարի 22-ին լրագրողներին հայտարարեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

 

«Օր չկա, որ Սինջարի լեռներում ապաստան գտած եզդիների շարքերում մարդիկ չմահանան ցրտից և կյանքի համար անբավարար պայմաններից: Իհարկե, ուղարկում են հումանիտար օգնություն, բայց դեպքեր են լինում, երբ այն տեղ չի հասնում, իսկ հասածը բավարար չէ», - ասաց Ազիզ Թամոյանը:

 

Աշխարհի եզդիների միության նախագահը հիշեցրեց, որ VII դարից մինչև այսօր եզդիների նկատմամբ իրականացվել է 74 ցեղասպանություն, երբ իրենց ֆիզիկապես վերացրել են մուսուլմանները՝ գլխավորապես քրդերը, ում հիմնական ցանկությունն է կամ մուսուլմանացնել եզդիներին, կամ բնաջնջել հազարավոր տարիների ընթացքում Իրաքի հյուսիսային հատվածում բնակվող եզդիներին, որտեղ գտնվում են իրենց գլխավոր սրբավայրը և մայրաքաղաք Սինջարը (Շանգալ):

 

«Օգոստոսի 3-ին եզդիաբնակ վայրերի վրա հարձակում կատարողները նշվում են որպես մուսուլման ծայրահեղականներ, սակայն դրանք քրդերն են: Սրանք քաղաքական խաղեր են՝ սպանդի ենթարկելու եզդիներին և արդեն զոհվել են 17 հազար մար, իսկ մյուսները, հեռանալով 70 գյուղերից, գտնվում են տարբեր վայրերում, երկրներում», - նշեց Ազիզ Թամոյանը:

 

Նա զայրույթով հավելեց, որ իրեն շատ է զարմացնում եվրոպական գերպետությունների արդեն վեցերորդ ամիսը շարունակվող անգործությունն ու լռությունը, երբ վերացվում են եզդիները, նրանց գյուղերը դատարկվել են, տները՝ վառվել:

 

Օգոստոսի սկզբի տվյալներով' Իրաքում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով փախստական եզդիների թիվն անցնում է 200 հազարից: 100 հազար եզդի ապաստանել է լեռներում՝ շրջապատված ահաբեկիչներով՝ մատնված սովի և ծարավի: 60 երեխա մահացել է սովից և ծարավից՝ չհաշված այն, որ օգոստոսի 8-ի տվյալներով' 45 կանայք և աղջիկներ ինքնասպանություն են գործել՝ ահաբեկիչների ձեռքը չընկնելու համար: