Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմում է ոստիկանությանը և օրենքին ու ժողովրդին ծառայելու նպատակներով նրա շարքերում գտնվող բոլոր ոստիկաններին՝ պահանջելով կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները՝ անկախ օրվա կառավարող ռեժիմի տված հրահանգներից:
Այդ նպատակով Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ոստիկանությունից պահանջում է համապատասխան կարգախմբեր հատկացնել ս.թ ապրիլի 8-ին, ժամը 13:00-15:00 Արթիկում և ժամը 16:30-18:00 Վանաձորում անցկացվող իրենց հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար:
«Ոստիկանության ուշադրությունը հատուկ հրավիրում ենք մեր ավտոշարասյան անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա, որովհետև այս անգամ ավելի հավանական է, որ մեր նկատմամբ հարձակումները և այլ ոտնձգությունները կարող են կատարվել ճանապարհի՝ բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում: Ինչպես արդեն նշվեց, նախորդ անգամ այդպիսի նախադեպ տեղի է ունեցել:
Մեր ավտոշարասյունը Երևանից մեկնում է ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին Մերգելյան ինստիտուտի մոտակայքից և երթևեկելու է Երևան-Արթիկ-Վանաձոր-Երևան երթուղով:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված այս տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների և ավտոշարասյան նկատմամբ որևէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա,- մեջբերում ենք տարածված հայտարարությունից: