Իրաքում բնակվող եզդիների ճակատագրի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնեցին շիրակաբնակ եզդիները օգոստոսի 12-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Նշենք, որ Շիրակում բնակվում է մոտ 200 եզդի ընտանիք՝ նրանց մեծ մասը եզդիների ամեմամեծ համայնքն ունեցող Ազատանում:

 

Անդրադառնալով ներկայում Հյուսիսային Իրաքում տեղի ունեցող դեպքերին «Հյուսիսային մարզերի եզդիների մ իավորում» հասարակական կազմակերպության անդամները նշեցին, որ աշխարհում արձանագրվող ցանկացած ցեղասպանություն ժամանակին հայերի ցեղասպանության հանդեպ աշխարհի անտարբեր վերաբերմունքի պատճառով է:

 

«Եթե ժամանակին աշխարհը ճանաչեր Հայոց ցեղասպանությունն, ապա այսօր աշխարհում այլ ցեղասպանություններ չէին լինի, չէր լինի նաև եզդիների ցեղասպանություն: Հիշենք նաև այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Քեսաբում, իսկ գերտերություններն աչք են փակում այս ամենի վրա, այն դեպքում, երբ կործանվում է փոքր ժողովուրդ:

 

Միակ երկիրը, որտեղ եզդի ժողովուրդը նորմալ ապրում է Հայաստանն է: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դավանում ենք մեր կրոնը, զարգացնում մեր մշակույթը: Այսօր էլ մենք ակնկալում ենք ՀՀ իշխանությունների աջակցությունն ու օգնությունը»,- իր խոսքում նշեց «Հյուսիսային մարզերի եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հուսիկ Ֆերոյանը:

 

Բանախոսները լրագրողներին նաև տեղեկացրին, որ բացվել է հաշվեհամար՝ Շանգալում ապաստան գտած եզդիներին հումանիտար օգնություն ուղղարկելու համար:

 

Արմենուհի Մխոյան