ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը. Եվրատլանտյան անվտանգությունը» խորագրով զեկույց, որում անընդունելի դրույթներ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հայկական պատվիրակության անդամները հարցի քննարկման ընթացքում իրենց մտահոգությունն են արտահայտել վիճահարույց դրույթների վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ: «Զեկույցի հեղինակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ որոշակի դրույթներ էր ներառել այդ զեկույցում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մենք դրանց վերաբերյալ ներկայացրել ենք մեր մտահոգությունները և առաջարկները՝ ինչպես գարնանային նստաշրջանի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող նստաշրջանում: Այս զեկույցը վերաբերում է Ռուսաստանի և Եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, և Ռուսաստանի հետ կապված ներկայացվել են որոշակի ձևակերպումներ, որոնք առնչվում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մասնավորապես, խոսքն այս հակամարտության վրա Ռուսաստանի ազդեցության, հակամարտության ծագման և ներկա փուլի մասին է: Հակամարտությունը ներկայացված է նաև ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:
Նա ընդգծեց, որ առաջին հերթին հայկական պատվիրակության կողմից արձանագրվել է, որ պետք չէ նույն «զամբյուղում դնել» բոլոր հակամարտությունները և հաշվի չառնել դրանց արմատները, բանակցային գործընթացը: «Այդ առումով ներկայացել է առաջարկ, որպեսզի զեկույցում ներկայացվեն ճիշտ ձևակերպումներ: Զեկուցողը նպատակահարմար չգտավ հաշվի առնել մեր առաջարկները և դրանց հիման վրա վերանայել զեկույցը: Սա ընդամենը զեկույց է, որն ընդունվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից, որը բնավ չի արտացոլում ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը: Այն անգամ չի ներառվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված որևէ բանաձևում: Սակայն, այդուհանդերձ, մենք պետք է արձանագրենք, որ կան մտահոգություններ զեկույցում առկա առանձին ձևակերպումների շուրջ: Մենք հետագայում էլ մեր գործընկերների հետ աշխատանքներ պետք է տանենք, որպեսզի նման ձևակերպումները, որոնք խոչընդոտելու են հակամարտության կարգավորմանը և վնաս են հասցնելու խաղաղ կարգավորման գործընթացին, տեղ չգտնեն համապատասխան զեկույցներում»,- եզրափակեց Նահապետյանը՝ հավելելով, որ զեկույցի հեղինակն իր հետ մասնավոր զրույցներում նշել է, որ իրենք ԼՂ հակամարտության վերաբերյալ առանձին շեշտադրումներ անելու մտադրություն չունեն և խնդիրը վերաբերում է բացառապես Ռուսաստանին:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ այդ զեկույցի հեղինակն ընդունել է իր սխալները, որ թույլ են տրված զեկույցում, սակայն նշել է, որ դա ընդամենը Ռուսաստանի գործողություններին սուր ձևակերպումներ տալու մեջ է: «Յուրահատկությունն այն է, որ ձևակերպումներն ավելի շատ ակադեմիական ճշմարտությունն արտահայտելու խնդիր ունեն: Նրանք գրել են, որ Ռուսաստանն է ծնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դա այնպես է գրված, կարծես թե երեկ է ծագել այդ հակամարտությունը: Նրանք մոռացել են, որ խնդիրը պատմական հիմքեր ունի, որ արմատները գալիս են դեռ 1918-1920թթ.: Մենք նաև ասել ենք, որ հակամարտության կարգավորման մասին խոսելիս հարկավոր է անդրադառնալ Մինսկի խմբին, որտեղ, Ռուսաստանից բացի, համանախագահում են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Այստեղ պարզ է դառնում, որ նրանց ավելի շատ պետք էր Ռուսաստանին քննադատել զեկույցում»,- ասաց պատգամավորը:
Պողոսյանը նաև հայտնեց, որ քննարկման ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված զեկույցում առկա ոչ ճիշտ ձևակերպումների հետ: Կորյուն Նահապետյանին փորձել է պատասխանել ադրբեջանական պատվիրակության անդամը, սակայն նիստը նախագահողն ընդհատել է նրան: Թևան Պողոսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում արդեն հոգնել են անընդհատ լսել ադրբեջանցի պատվիրակների նույնաբովանդակ հայտարարությունները: