Հայաստանի 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով' նախատեսվում է 2017 թ.-ին ներգնա զբոսաշրջիկների թիվը հասցնել 1.2, իսկ 2025 թ.՝ 2.3 միլիոնի: 2008 թ.-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմում էր 558 հազար: Կառավարության հաստատմանը ներկայացված ծրագրով' նախատեսվում է, որ ներգնա և արտագնա զբոսաշրջությունը կշարունակի աճել նույն տեմպերով, որով դրանք աճել էին 2008-2012 թթ. ժամանակահատ¬վածում, համապատասխանաբար՝ 8.2 և 9 տոկոս:
Ծրագրով' ներգնա զբոսաշրջությունը կպահպանի իր դերը որպես երկրի արտահանման երկրորդ խոշորագույն ոլորտ և ՀԶԾ-ի գործողության ժամանակահատվածում կկազմի ընդհանուր արտահանման մոտ 20 տոկոսը: Գնահատվում է, որ զբոսաշրջությամբ անմիջապես զբաղվող աշխատատեղերի քանակը 2011 թ. համեմատ կավելանա 9.4 հազարով և 2025 թ. կկազմի ոչ գյուղատնտեսական ոլորտի աշխատատեղերի 3.3 տոկոսը:
Կարևոր նշանակություն են ունենալու առանձին զբոսաշրջային կենտրոնների' Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի և այլն, զարգացման արդեն իսկ ընդունված ռազմավարությունների հետևողական իրականացումը:
Ըստ ծրագրի' զբոսաշրջության զարգացմանն էապես նպաստելու են նաև «բաց երկնքի» քաղաքականության իրականացումը՝ ցածր բյուջետային ավիափոխադրողների ներգրավմամբ, երկաթուղային ուղևորափոխադրումների շուկայի ապամենաշնորհումն ու մրցակցության ապահովումը, Երևանից դուրս զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումն և արդիականացումը, ինչպես նաև միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավման խրախուսումը: