Հայաստանի Ազգային Ժողովը վերջին շրջանում հայտնվել է բավականին տարօրինակ իրավիճակում: Մի կողմից, այսպես կոչված, ոչ իշխանական խմբակցությունների միավորման գործընթացը, մյուս կողմից փողոցից և հրապարակներից եկող հակաիշխանական ընդվզման ազդակները իշխող մեծամասնությանը կանգնեցրել են փակուղային իրավիճակի առաջ: Հասկանալի է, որ չորս ուժերի թվաբանական գումարը այս դեպքում ոչ թե չորսի է հավասար, այլև շատ ավելի խոշոր քաղաքական միավոր է ենթադրում, եթե հաշվի առնենք այն իրավիճակը, որ միավորման և դաշնակցային հարաբերություններ հաստատելու դեպքում քաղաքական գործընթացներն ու սոցիալական ընդվզումները պտտվելու են չորսի ֆորմատի առանցքում, ինչը չի կարող իշխանության ներսում խմորումների պատճառ չդառնալ:

 

Իրավիճակը խիստ հետաքրքրական է այնքանով, ոչ, չնայած որպես սոցիալական և քաղաքական ընդվզման թիրախ ընտրված է վարչապետը՝ առավել խոցելին այս իրավիճակում Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանն է: Երկատված լինելով Սերժ Սարգսյանի առջև ստանձնած պարտավորությունների և Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնամիական հարաբերությունների և բիզնես - հետաքրքրությունների միջև՝ Աբրահամյանը հայտնվել է քաղաքական իրադարձությունների լուսանցքում և պարզապես գոյություն է պահպանում դաշտում՝ փորձելով չվառել «ոչ շիշը, ոչ քյաբաբը»: Այդ է պատճառը, որ նա սահուն կերպով երկրի երկրորդ դեմքից վերածվել է սոսկ ԱԺ նիստեր վարողի, որն այլևս լուրջ ազդեցություն չունի ներքաղաքական պրոցեսների վրա:

 

Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների և իշխանությունների կողմից զիջումների ֆոնին Հովիկ Աբրահամյանի պահվածքը բավականին հետաքրքիր է և ցույց տվեց այն անհարմար իրավիճակը, որում հայտնվել է երկրորդ դեմքը: Հայտարարելով փոփոխությունների հնարավորության մասին՝ Աբրահամյանը նրբորեն փորձում է հասկացնել, թե իբր ինքը անհանգստացած չէ խնամու շուրջ ձևավորվող ալյանսների ճնշումներից: «Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի», - ասել է Ազգային ժողովի նախագահը: Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքել է. «Պատրաստ ենք քննարկել»:

 

Պատկերացնու՞մ եք, ամբողջ բարեփոխման իմաստը հենց դրա պարտադիր բնույթն է, թվում է, թե իշխանությունները ամբողջ ռեսուրսները պետք է կենտրոնացնեն հենց այդ դրույթը «սաղացնելու» համար, սակայն ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնում քննարկել այդ դրույթը՝ սակայն, իբր, ոչ ճնշման արդյունքում: Սա այն դեպքում, երբ բարեփոխման ճարտարապետ վարչապետ Տիգրան Սարգսյանը անուղղակիորեն ընդունեց, որ փոփոխությունների են գնում «Դեմ եմ» շարժման և քաղաքական ուժերի ճնշման տակ՝ երկխոսության կոչ անելով նրանց:

 

Եթե չեք ենթարկվում ճնշումներին՝ ինչու՞ եք պատրաստվում քննարկել մի դրույթ, որը ձեզ համար սրբության սրբոց է: Սա խոսում է մի բանի մասին՝ ԱԺ նախագահը փորձում է նրբորեն գնդակ գլորել այն դաշտ, որտեղ խաղում է իր հայտնի խնամին, մյուս կողմից պահպանելով հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ: Ցանկացած զիջում, որ կանի իշխանությունը, կհզորացնի թափ հավաքող ընդդիմության, այդ թվում այլընտրանք հռչակված Ծառուկյանի դիրքերը, և այդ փաստը Աբրահամյանը չի կարող չգիտակցել:

 

Երկրորդ հետաքրքիր իրավիճակը՝ Աբրահամյանի շուրջ: Երբ լրագրողները խնդրեցին գնահատական տալ վարչապետի պաշտոնանկության պահանջին՝ ԱԺ նախագահը հրաժարվեց որևէ գնահատական տալ այս նախաձեռնությանը․ - «Ես նման որևէ նախաձեռնություն չեմ ստացել․․․ Ստանանք, հետո քննարկենք: Եթե մի նախաձեռնություն չկա, մի հարց չկա օրակարգում, ի՞նչ գնահատական տանք»:

 

Ոչ մի հայտարարություն այն մասին, որ ինքը կառավարության հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, ոչ մի հակազդեցություն հարցադրմանը: Նախկինում նման հայտարարություններին Հովիկ Աբրահամյանը շատ բուռն էր արձագանքում, սակայն այժմ պարզապես խուսանավում է պատասխանից: Իհարկե պարզ է, թե ում սիրուն աչքերի համար: Բոլորս գիտենք, թե ում թիրախում է հատկապես Տիգրան Սարգսյանը:

 

Խորհրդարանի խոսնակը նույն օրը բացեց իր միակ խաղաքարտը քաղաքական դաշտում՝ հայտարարելով, որ հավանական չի համարում, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: որքան էլ Ծառուկյանի խոսնակը լղոզված հայտարարություններով փորձեց չեզոքացնել հայտարարության հետևանքները՝ ակնհայտ է, որ դա ակնարկ էր Սերժ Սարգսյանին, որ ինքը կարող է կանխել իրադարձությունների նման զարգացումը:

 

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կարգավիճակը քաղաքական դաշտում բավականին լուսանցքային է և հիմնված է բացառապես ինտրիգային զարգացումներում հմտորեն խուսանավելու նրա հատկության վրա: Այս դեպքում նա ունի երեք ելք՝ հրաժարական տալ և չսանձել իր խնամու քաղաքական խոյանքները, ուղղակի չհամակերպվել քաղաքական գործընթացներին իր զրոյական ազդեցությանը, հրաժարվել պաշտոնից և մեմուարներ գրել, կամ էլ ազնվորեն, առանց խուսանավելու ծառայել իր հարազատ իշխող բուրգին և սպասել, թե երբ է համալրելու երիտասարդ թոշակառուների շարքերը...

 

Իսկ թե որն է հոգեպես ավելի ազնիվ՝ Հովիկ Աբրահամյանը թող ինքը որոշի...

 

Իսկ որ այս ամենի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ է տվել իր նախագահական հավակնություններին՝ գրված է քաղաքագիտության այբուբենի առաջին պարբերությունում...



Վարուժան Բաբաջանյան