ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխությունը: Տասը երկրների մրցույթին մասնակից 158 անհատներն ու կազմակերպություններն արժանացան դիպլոմների եւ խրախուսական մրցանակների:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը Սփյուռքը շարժելու եւ ոգեւորելու նպատակ է հետապնդում: «Տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը, ընդլայնվում է աշխարհագրությունը: Մենք այս մրցանաբաշխությամբ խոնարհվում ենք այն աշխատանքի առջեւ, որն այսօր կատարում է հայկական սփյուռքը, քանի որ հայություն տարածելու համար պետք է հայի ակտիվություն ունենալ»,- ասաց նա:

 

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանի խոսքով' մրցանակաբաշխությունը շարունակություն է ունենալու նաեւ առաջիկայում: «Հայը սփյուռքում եւս պետք է փայլի»,- ասաց Սարգսյանը:

 

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն էլ կառույցի նախագահ Արա Աբրահամյանի անունից ողջունելով մրցանակակիրներին' նշեց, որ մրցանակաբաշխությունը կենսական նշանակություն ունի սփյուռքի համար: «Ես կարծում եմ, որ մենք բավական շնորհակալ գործ ենք անում: Հայոց լեզուն մեր միասնականությունն ապահովող հիմնական տարրերից է»,- հավելեց նա:

 

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ, 2010 թվականից: Մրցանակաբաշխության շրջանակներում մրցույթներն իրականացվել են «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական կազմակերպություն», «Լավագույն մանկական ստեղծագործություն», եւ «ԱՊՀ երկրների լավագույն հայկական համայնք» անվանակարգերում: