ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 29-ին հանդիպել է Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրին Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները: Նրանք տեղեկացրին, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու եւ տեղահանված հայությանը իրենց բնակավայրեր վերադարձնելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշեց, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ: