ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր' մարտի 31-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել' եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետները:

 

Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, ճանապարհների մաքրման, էներգամատակարարման վերականգնման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների մասին:

 

Նշվել է, որ մարտի 30-ի առավոտյան հանրապետությունում հոսանքազրկված էր 230 բնակավայր, որոնց հիմնական մասում էներգամատակարարումը վերականգնվել է: Մարտի 31-ի առավոտյան' ժամը 09.00-ի դրությամբ, հոսանքազրկված է մնում 17 բնակավայր' 6370 բաժանորդով: Աշխատանքներ են տարվում օրվա ընթացքում նշված բնակավայրերում ևս էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

 

Տեղեկացվել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները իրականացրել են մեքենաների դուրս բերման, քարաթափումների հեռացման աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարության Ճանապարհաշինական վարչությունը շարունակում է հանրապետության ճանապարհների մաքրումը: Ներկայումս փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաև մի շարք միջհամայնքային ճանապարհներ, կան նաև դժվարանցանելի ճանապարhահատվածներ: Տեղումները ներկայումս շարունակվում են հանրապետության հարավային մասում, որոնք օրվա երկրորդ կեսին կդադարեն:

 

Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի և կապի նախարարությունները պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն ճանապարհների իրավիճակի վերաբերյալ:

 

Փոխվարչապետը հանձնարարել է արագացնել հակակարկտային կայանքների տեղադրման աշխատանքները Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերում: Մարզպետներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մարզերում առողջապահական և կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման հարցը:

 

Առաջիկայում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ոլորտում ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները: