ՈւԴԱՌ կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն խորհուրդ Է տալիս «Բատկիվշչինա»-ի ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին՝ նույնպես հանել իր թեկնածությունն Ուկրաինայի նախագահի ընտրություններում եւ աջակցել Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին նա գրել Է «Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունը չպետք Է առաջադրի» հոդվածում, որը մարտի 31-ին հրապարակվել Է գերմանական Bild թերթում:

 

«Յուլյա Տիմոշենկոն ավելի լավ կաներ, եթե նույնպես պատասխանատվություն ստանձներ եւ աջակցեր Պորոշենկոյին»,-ասել Է Կլիչկոն:

 

Ինչպես ընդգծել Է քաղաքական գործիչը, «Ուկրաինայի բոլոր ժողովրդավարական ուժերը նախագահական ընտրությունների պետք Է գնան միասնական թեկնածուով, որպեսզի չխորացնեն երկրի պառակտումը»:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթեր եւ 2,5 մլն գրիվնայի (մոտավորապես 233 հազար դոլար) չափով դրամական գրավ է ընդունել 24 մարդուց, որոնք հավակնում են երկրի նախագահի պաշտոնին: Ընդամենը ԿԸՀ-ին դիմել է 38 մարդ, սակայն ոչ բոլորի փաստաթղթերն են ինչպես հարկն Է ձեւակերպված եղել:

 

Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է լույս մարտի 31-ի կեսգիշերին: ԿԸՀ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ երկրի նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել արդեն յոթ մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն եւ Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը եւ «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սարանովը:

 

Խորհրդարանական չորս խմբակցություններ՝ «Բատկիվշչինա»-ն, ՈՒԴԱՌ-ը, «Ազատություն»-ը եւ Ռեգիոնների կուսակցությունը, մարտի 29-ին անցկացրել են համագումարներ, որոնց ընթացքում առաջադրվել են նախագահի թեկնածուներ: Ինչպես եւ սպասվում էր, «Բատկիվշչինա»-ն պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու է առաջադրել կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, «Ազատությունը»՝ իր ղեկավար Օլեգ Տյագնիբոկին: Ռեգիոնների կուսակցությունը մի քանի հավակնորդներից կանգ է առել Դոբկինի թեկնածության վրա: ՈՒԴԱՌ-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով ավելÕ « վաղ առաջինն էր հայտարարել իր նախագահական հավակնությունների մասին, հրաժարվել է նախկին պլաններից՝ որոշելով պաշտպանել խորհրդարանի պատգամավոր օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին, որը նախագահական մրցավազքը կսկսի որպես ինքնաառաջադրված թեկնածու: Կլիչկոն ինքը հայտարարել է Կիեւի քաղաքագլխի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, որի ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահական ընտրությունների օրը՝ մայիսի 25-ին: Համագումարներում առաջադրված բոլոր թեկնածուները փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերը պետք է քննության առնի հինգ օրվա ընթացքում՝ մինչեւ ապրիլի 4-ը: