Քեսաբում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններն անտարբեր չեն թողել նաև ռուս լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, գրող, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովին: Ռուս հայտնի լրագրողը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ողբերգական իրադարձություններին: «Ո՞ւր են նայում ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը»,-իր առաջին գրառման մեջ նշել է Սոլովյովը' օգտագործելով #savekessab հաշթեգը:

 

Որոշ ժամանակ անց Սոլովյովը գրել է. «Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակոծությունները, ապա պետք է ավելով սրբել-վերացնել բոլոր այդ ՄԱԿ-երը և նմանատիպ այլ կազմակերպությունները»:

 

Սոլովյովի միկրոբլոգում առկա են նաև ռուս ինտերնետ և մեդիա պրոդյուսեր, մի շարք ԶԼՄ-ների հիմնադիր, նախկին պատգամավոր Կոնստանտին Ռիկովի գրառումները, որոնցում Ռիկովն իր սարսափն է արտահայտում Քեսաբի դեպքերի վերաբերյալ:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում' Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա' տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: