Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը էլեկտրոնային ԶԼՄ-ներում վիրավորանք և զրպարտանք պարունակող մեկնաբանությունների և անհայտ աղբյուրի վերաբերյալ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակելու կողմնակից է, այլ ոչ թե այն շրջանառությունից հանելու: Այս մասին նա հայտնեց նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ: «Բովանդակային առումով այսօրվա ելույթները ես կբաժանեի երկու կարևոր խմբի: Առաջին խմբի զեկուցողներն այն անձիք էին, ովքեր մանրամասն չէին տեղեկացել նախագծին, և նրանք խոսում էին ընդհանուր վտանգների մասին, որոնք մեր այս նախագծի հետ ոչ մի աղերս չունեն: Երկորդ խումբը լուրջ հարցադրումներ էր բարձրացնում, որոշ դեպքերում' շատ սկզբունքային, որոնք ուշադրության արժանի են: Որոշ դեպքերում հարցադրումներն այնպիսին էին, որոնց վերաբերյ ալ հնարավոր չի լինի պատասխան գտնել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Նրա խոսքով' պետք է լուրջ ուշադրություն դարձնել «Արթիքլ 19» իրավապաշտպան կազմակերպության կողմից առաջարկվող կարգավորման մեխանիզմին, որը կարևորում է նաև մեկնաբանություն գրած կողմի ներգրավումը: «Եթե որևէ մեկը համարել է, որ էլեկտրոնային լրատվամիջոցում իր վերաբերյալ նյութը վիրավորական է, և դիմել է ԶԼՄ-ին, թող տպավորություն չլինի, որ ԶԼՄ-ն պետք է անմիջապես այն հանի: Հաջորդ քայլն այն է, որ հարկավոր է այդ գործընթացին մասնակից դարձնել նաև մեկնաբանություն տված անձին: Թե այդ գործիքն ինչպես է պետք օգտագործել, պետք է հենց այս քննարկումների միջոցով հասկանալ»,- նշեց Դավիթ Հարությունյանը' հավելելով, որ առաջարկելու է ստեղծել աշխատանքային խումբ և լրամշակել սույն նախագիծը:

 

Պատգամավորը դեմ է, որ քննարկվող նախագիծը դիտարկվի որպես պաշտոնյանների պաշտապանության օրենք: «Սա նույնիսկ ԶԼՄ-ներին պաշտպանելուն է ուղղված: Ելույթ ունեցողները նշում էին դատարան գնալու հնարավորություն մասին, բայց, կարծում եմ, որ իրավական որոշակիությունը հնարավորություն կընձեռի նվազեցնել վեճերի քանակը: Խնդիրն այն է, որ դատարանը որոշում կկայացնի մեկ գործով ու դա կդառնա նախադեպ: Մենք հնարավորություն ունենք ավելի լայն իմաստով մոտենալ խնդրին, այն բազմակողմանորեն քննարկել, ողջամիտ ստանդարտներ առաջարկել' ուղղորդելով նաև դատարանը, ինչն ավելի արդյունավետ է, և հենց դրանում է օրենսդիր մարմնի դերը ժամանակակից հասարակությունում»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

 

Մարտի 31-ին Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը անցկացրեց «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որտեղ ելույթներով հանդես եկան մեդիաոլորտի և հաարակական հատվածի ներկայացուցիչները: