Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ առաջին դռնփակ նիստին: Լրագրողները նշեցին, որ գործադիրի անդամները էական տարբերություն չեն նկատել բաց և դռնփակ նիստերի միջև, այդ դեպքում՝ ինչո՞ւ որոշվեց դռնփակ նիստեր անցկացնել:
Նախարարը չհամաձայնեց, որ փոփոխություն չկա' ասելով, որ եթե նախկինում նիստերը մոտ կես ժամ էին տևում, ապա այսօր դռնփակ նիստը մոտ մեկուկես ժամ է տևել: Բացի այդ' դռնփակ նիստում հնչել են բազմաթիվ բովանդակային հարցադրումներ, ինչը նախկինում չէր լինում:
Լրագրողների հարցին' ինչպես կմեկնաբանի Freedom house կազմակերպության զեկույցում ներառված այն գնահատականը, թե Հայաստանը ավտորիտար ուղու վրա է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Freedom house-ը, իհարկե, հեղինակավոր կազմակերպություն է, սակայն նրա ոչ բոլոր զեկույցներն են բացարձակ օբյեկտիվ:
«Ես առաջին անգամ եմ տեսնում Freedom house-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է նախորդ զեկույցների բովանդակության մեթոդաբանությունից: Եթե որևէ մեկն ուշադիր կարդա այս զեկույցը, ապա, կարծում եմ, զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ' եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է' որպես վարչապետ, ապա, ըստ զեկույցի, դա երկիրը կտանի դեպի ավտորիտար ռեժիմ, եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի' որպես վարչապետ, ապա դա կդառնա գործադիրի լռելյայն կառավարում: Այսինքն' ձախ մի գնա, աջ մի գնա»,- ասաց նախարարը:
Մեկ այլ օրինակ բերեց նախարարը զեկույցից. խոսվում է «Սասնա Ծռեր» խմբավորման մասին, սակայն ոչ մի խոսք չի ասվում, որ այդ խմբավորումը իրականացրել է զինված հարձակում պետական մարմնի վրա:
«Ցավով եմ նշում' սա Freedom house-ի առաջին զեկույցն է, որն արմատապես շեղվել է դասական մեթոդաբանությունից: Ես երբեք չեմ տեսել զեկույցներ, որում քաղաքական գործիչներին որոշակի պիտակավորում են փակցնում: Սա այն զեկույցն էր, որում մարդկանց պիտակավորում էր արվում: Դա արժեզրկում է զեկույցը»,- ասաց Հարությունյանը: