Ազգային ժողովը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քաղաքացին հնարավորություն է ստանում սահմանափակել սեփական մուտքը խաղատներ: Ըստ նախագծի' խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակել ցանկացող քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղատներ իր մուտքն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ նշելով որոշակի ժամկետ (6 ամսից մինչեւ 3 տարի): Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմումի մասին կտեղեկացնի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով դիմումի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակները: Դիմումում նշված ժամկետի ողջ ընթացքում կազմակերպիչները պարտավոր են արգելել դիմումատուի մուտքն իրենց խաղատներ:


«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի համահեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ են դիմում պատգամավորներին՝ խնդրելով կարգավորել այս հարցը, քանի որ դրա հետևանքով ընտանիքներ են քանդվում: «Մարդիկ գնում գումարներ են տանուլ տալիս և ֆինանսական լուրջ խնդիրների առջև են կանգնում: Դրան գումարած, կան իրավիճակներ, երբ խաղամոլությամբ տառապող անձանց պատճառով խնդիրների առաջ է կանգնում ամբողջ ընտանիքը: Այսինքն' ոչ միայն անհատն է դառնում խաղատան «զոհը», այլ իր ամբողջ ընտանիքին է հասցնում այդ վիճակին. օրինակ, պարտվում են և վաճառում տունը և այլն»,- ասաց Մարուքյանը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ այս առումով որոշակի կարգավորումների կարիք կա, որպեսզի մարդիկ կարողանան իրենք իրենց իսկ գործողությունները որոշակիորեն սահմանափակել: «Այսինքն՝ սրանով մենք առաջարկում ենք, որպեսզի խաղամոլությամբ տառապող անձինք հնարավորություն ստանան սահմանափակել իրենց գործողությունները կամ գոնե ընտանիքի անդամները կարողանան սահմանափակել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա նորմալ պրակտիկա է, և նախագիծը մշակելուց առաջ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ եթե քաղաքացին ցանկություն չունենա ինքն իր մուտքը սահմանափակել, դրա հնարավորությունը կունենան նրա ընտանիքի անդամները, ովքեր կարող են դա անել դատական կարգով: Մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռը կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վճռի օրինակն կուղարկի լիազոր մարմին: Վերջինս սահմանված կարգով կտեղեկացնի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպիչներին, որպեսզի նրանք արգելեն սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղատներ:

 

Պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվեն այս նախագծին խաղատները, Մարուքյանը նշեց, որ ինքն ավելի շատ մտածում է քաղաքացիների մասին, քան խաղատների: Նա ընդգծեց, որ խնդիրն այն է, որ այսօրվա գործող օրենքով էլ մինչև 21 տարեկան անձանց մուտքը խաղատուն արգելվում է, սակայն անձը հաստատող փաստաթուղթը ստուգելու մեխանիզմ գոյություն չունի: «Այս նախագծով մենք ցանկանում ենք նաև գործող օրենքում այդ մեխանիզմը ներդնել, որովհետև օրենքում նշված է, որ մինչև 21 տարեկան անձանց մուտքը խաղատներ արգելվում է, սակայն, մյուս կողմից, չի ստուգվում անձը հաստատող փաստաթուղթը, նման ընթացակարգ չկա»,- ասաց պատգամավորը:

 

Նախագիծը կառավարության ներկայացուցիչների հետ դեռևս չի քննարկվել: Այն դրված է պաշտոնական շրջանառության մեջ, իսկ քննարկումները դեռևս առջևում են: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ դեռևս կլինեն նոր առաջարկություններ և եզրակացություններ:

 

Քաղաքացու կողմից խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակելն ընդունված պրակտիկա է Միացյալ Նահանգներում («Self-Exclusion Program» - մասնավորապես՝ Փենսիլվանիա, Միսուրի, Օհայո, Իլինոիս, Նյու Ջերսի, Միչիգան եւ այլ նահանգներում), Կանադայում (մասնավորապես՝ Քվեբեքում, որտեղ ծրագիրն իրականացնողներն առաջնորդվում են «Խաղը պետք է մնա խաղ» սկզբունքով, իսկ երևույթն անվանել են էքսցեսիվ մոլեխաղ), Սինգապուրում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Բելառուսում եւ այլուր, որտեղ էլ բացառապես դրական արդյունքներ է տվել: