Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունվարի 12-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը: «Մենք պետք է վերացնենք Հայոց Մեծ Եղեռնի հետևանքները և վերադարձնենք մեր պատմական հայրենիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հունվարի 19-ին կայացած հանդիպմանը հայտարարեց նա և հավելեց, որ այդ օրենքը պետք է դառնա Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի կարևոր բաղադրիչներից մեկը:

 

Նա նշեց, որ ներկայումս ընթացող աշխարահաքաղաքական փոփոխությունների համատեքստում, Հայաստանը այլևս իրավունք չունի սպասելու իրադարձությունների հետագա զարգացմանը, այլ պետք է նախաձեռնի ակտիվ գործողություններ: «Եթե հանկարծ Ազգային ժողովը մերժի իմ ներկայացված օրենքի նախագիծը, միևնույն է ես համոզված եմ, որ Թուրքիայի կողմից բռնազավթած հայկական հողերի վերադարձի խնդիրը պետք է մնա հայ ժողովրդի օրակարգում»,-ընդգծեց Փոստանջյանը և հավելեց, որ վերը նշված օրենքի նախագիծը կազմելիս ինքը օգտվել է 4 ակադեմիական գրքից'Ռիչարդ Հովհաննիսյ անի «Հայաստանի Հանրապետություն» աշխատության առաջին և երկրորդ հատորներից և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայոց Պատմություն» աշխատության երրորդ ու չորրորդ հատորներից:

 

Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացվող «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածով Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է հայրենի բնօրրանի' Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայերի մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից, երկրորդ հոդվածով հայ ժողովուրդը ճանաչում է հայրենի բնօրրանի'Հայաստանի տարածքների նկատմամբ հայրենատիրության անօտարելի իրավունքը և հետամուտ է պահանջատիրության (տարա ծքային, նյութական, բարոյական) իրավունքի իրացմանը և երրորդ հոդվածով հայ ժողովուրդը վերահաստատում է Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայրենի բնօրրանի'Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերկանգնման իրավունքը: